Անբարոյական ֆիլմեր


 

Չեխ մեծ երգիծաբան Յարոսլավ Հաշեկը մի պատմվածք ունի` «Անբարոյական օրացույցներ» վերնագրով, որի բովանդակությունն այսպիսին է. ոստիկանության սերժանտը հերթական շրջայցի ժամանակ թերթի կրպակներից մեկում էրոտիկ բնույթի նկարներով օրացույցների խմբաքանակ է առգրավում: Բաժնում, առգրավվածը ներկայացնելով իր անմիջական ղեկավարին, համենայնդեպս ասում է.

Անբարոյական ֆիլմեր

- Շեֆ, լավ կլինի մի հատը քեզ պահես, ապա ուշադրություն դարձրու մեջտեղի էջի լուսանկարին, ինչ էլ լավիկն է…:

Այս շեֆն իր հերթին կատարվածի մասին զեկուցում է իր անմիջական ղեկավարին, այդ ղեկավարն էլ իր ղեկավարին, և այդպես շարունակ` համակարգի ղեկավարությունը ձեռք է բերում մեկական օրինակ «անբարոյական օրացույց»: Փոխարենը, հավելում է Հաշեկը, հասարակ ժողովուրդը զերծ մնաց այդ ախտից…

Հաշեկյան ժամանակներից վերադառնալով մեր օրերը ասենք, որ մեր ոստիկանությունը, փառք Աստծո, վերջին շրջանում ձերբազատվել է դեպքերը թաքցնելու պրակտիկայից և հաջողությամբ շարունակում է հասարակության բարոյական մաքրությանը նպատակաուղղված իր աշխատանքները, ինչի մասին վկայում են ներկայացվող բացահայտումները:

Մայիսի 30-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու հատկանիշներով հարուցված մի քրեական գործի նախաքննությամբ հիմնավորել են, որ Երևանի բնակիչ Արմեն Խ.-ին պատկանող «Զա մյուզիք» տեսասկավառակների վաճառքի և վարձույթի խանութների ցանցից քաղաքացիներին իրացվել են պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր: Իսկ նույն ցանցի` Խանջյան փողոցի թիվ 33 հասցեում գործող խանութներից մեկի ետնամասում գտնվող տեսասկավառակների բազմացման ստուդիայում հայտնաբերվել են էրոտիկ բնույթի կազմերով 436 լազերային սկավառակներ, որոնք պարունակել են պոռնկագրական բնույթի նյութեր:

Մեկ այլ դեպքով` Երևան քաղաքի Բայդուկովի փողոցում գործող հյուրանոցային համալիրից ոստիկանություն են հրավիրվել ինը կանայք: Պարզվել է, որ նրանք մարմնավաճառներ են, որոնց պոռնկությամբ զբաղվելուն նպաստել են հյուրանոցային համալիրի աշխատակիցները` պարբերաբար տրամադրելով հյուրանոցի սենյակները:

Խուզարկությամբ հյուրանոցում հայտնաբերվել են նաև պոռնկագրական բնույթի տեսաֆիլմերի սկավառակներ:

Նմանօրինակ մի դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Վանաձորի բաժնում, որտեղ ահազանգ է ստացվել, որ տաղավարներից մեկում վաճառվում են պոռնկագրական հոլովակներ պարունակող տեսասկավառակներ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 47-ամյա Աստղիկ Շ.-ն Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող, իրեն պատկանող տեսասկավառակների վարձույթի տաղավարից մի շարք քաղաքացիների վաճառել է պոռնկագրական հոլովակներ պարունակող տեսասկավառակներ:

Սկավառակներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության: