«ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ»` ԲԱՎՐԱՅԻ ԵՂԱՆԱԿՈՎ


 

Խմբագրություն էր զանգահարել անվանի բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր Հարություն Հովնաթանը: Զայրացած էր ու հուզված: Նրա հետ անհանգստություն ու զայրույթ ապրեցինք, երբ պատմեց այն անամոթության մասին, որով Բավրայի անցակետում դիմավորել են նրան մեր մաքսավորները: Ավելի ճիշտ, Ասատուր Գոքորյան անուն-ազգանունով մեկը, ով այդ պահին իրեն մաքսատան տիրակալ կարծելով` հայտարարել էր, թե Հայաստանում միայն մի մարդ կարող է իրեն դիտողություն անել` երկրի նախագահը, բայց նա էլ կվախենա իրենից:

«Առյուծ կտրած» այս մաքսավորը դիմել է անօրինականությունների, նվաստացրել ու ստորացրել մտավորականին, ով հայրենիք էր վերադարձել` ուրախություն ապրելով: Իսկ նվաստացման պատճառը հետևյալն էր. Հարություն Հովնաթանն իր հայրական տան այգում խնձոր էր աճեցրել և գալով Հայաստան` որոշել էր իր բերքն ու բարիքը բերել ընկերներին ու մտերիմներին: Գիտենալով, որ յուրաքանչյուր ուղևոր իրավունք ունի մինչև 50 կգ բեռի համար մաքսատուրք չվճարել, Հարություն Հովնաթանն իր զարմիկի հետ մոտ 100 կգ խնձոր էր բերել: Վրացական կողմը հարգանքով ու պատվով ճանապարհել էր բանաստեղծին ու նրա զարմիկին, իսկ Բավրայի անցակետի «առյուծը» հարձակվել էր, գոռգոռացել, վիրավորական բառեր շպրտել և արգելել խնձորը հասցնել Երևան: Նույն անցակետի աշխատակիցներից մեկն էլ ասել էր, թե մաքսատուրքը 15 հազար դրամից ավելի կկազմի: Բանաստեղծը ստիպված էր եղել տաքսի վարձել, խնձորը վերադարձնել գյուղ, ապա երկու ժամ անց հատել էր Հայաստանի սահմանը` վիրավորված ու ստորացված:

- Բազմաթիվ անգամներ եմ ես Վրաստանից եկել Հայաստան և Հայաստանից էլ մեկնել ծննդավայր գյուղ: Հիմա ունեմ երկքաղաքացիություն, ուստի սահմանի վրա դժվարություններ չեմ ունեցել: Եղել է, որ գրքեր ու թերթեր եմ տարել, վրացի մաքսավորներն ընդունել են ժպիտով, առանց արգելքի ուղեկցել: Իսկ Բավրայում իմ ապրած նվաստացումները երբեք չեմ կարող մոռանալ: Ես օրենքներ չեմ խախտել, առաջնորդվել եմ մաքսային պահանջներով, մինչդեռ մի մաքսավոր ցանկանում էր, որ ես իրեն «ինչ-որ բան» առաջարկեի, որպեսզի թույլ տար Հայաստան բերել իմ աճեցրած խնձորը,- զայրացած պատմում էր բանաստեղծը:

Գիտենք, որ մաքսային անցակետերում տակավին տիրում են բարքեր, որոնց դեմ իբրև թե պայքարում են ոլորտի պատասխանատուները: Սակայն, իրականում այստեղ գործում են «վայրի օրենքներ», այստեղ չեն սիրում թույլերին, կիրթ մարդկանց և իրենց «քաղցր աչքով» չնայողներին: Այս ամենից զատ, մեկ այլ մտահոգություն էլ է ծնվում: Այսօր Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Ջավախքը պահպանի իր լեզուն ու մշակույթը, սերտ կապեր ունենա Հայաստանի հետ, ինտեգրվի Հայաստանին` այսպես ամուր պահելու համար այն հայրենիքը, որը գտնվելով Վրաստանի տարածքում` երբեք չի կորցրել իր ազգային ինքնությունը: Հատկապես Բավրայի մաքսավորներն արհեստական արգելքներ են դնում ջավախքցիների առջև, խոչընդոտներ հարուցում, կաշառքներ պահանջում, ստիպում վճարել այնպիսի մաքսատուրքեր, որոնք էլ խանգարում են նաև առևտրային կապերի հաստատմանը: Եթե համեմատելու լինենք Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի անցակետերը, ապա կտեսնենք, որ ամենաբարձիթողի վիճակում գտնվողը վերջինս է, որը շատ վաղուց հոգնեցրել և զզվեցրել է Ջավախքի մեր հայրենակիցներին: Պատահական չէ, որ շատ ջավախքցիներ մեկնում են Թբիլիսի և այնտեղից Հայաստան գալիս` հատելու Բագրատաշենի անցակետը: Հազիվ թե Մաքսային վարչությունում տեղյակ չլինեն այս ամենի մասին, հազիվ թե ահազանգեր հնչած չլինեն, բայց երևի այստեղ էլ համակերպվել են ստեղծված վիճակին: Իսկ արդյո՞ք նպաստավոր են տարածվող այն ասեկոսեները, թե այստեղ հավաքվող գումարները վարչություն էլ են հասնում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ