«Հրաժարված» կառավարություն

ԱՌԱՋԻՆԸ ԹՌԱՎ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ


 

ՀՀ կառավարությունը, Սահմանադրության համապատասխան դրույթի պահանջով, հրաժարական տվեց: Այսինքն, նախարարները դարձան պաշտոնակատար` «մինչև գարնան կկվի ձեն ածելը»: Իսկ «գարնան կկուն» շատ շուտ կկանչի` 20 օրվա ընթացքում, և գրեթե բոլոր պաշտոնակատարները կվերադառնան «հիմնական դրույքի»: Բայց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ոչ թե «ժամանակավոր» գնաց, այլ` առմիշտ: Այսինքն, ինչպես ինքն է ասում` «կա քաղաքական որոշում, ուստի պետք է գնալ»: Ստացվում է, որ Վարդան Վարդանյանը դեռ ցանկանում էր պաշտոնավարել, բայց քաղաքական որոշումը կասեցրեց նրա ընթացքը: Մենք մի քանի անգամ զանգահարեցինք Վարդան Վարդանյանին, որպեսզի առավել «ծավալուն» մեկնաբանություն ստանայինք նրանից, սակայն նա «անհասանելի էր»: Ընկերներիցս մեկն ասում է` անհասկանալի: Հիմա ճիշտ որ Վարդան Վարդանյանի վիճակը փոքր-ինչ անհասկանալի է:

Նախարար մարդուն «քաղաքական որոշմամբ» ստիպել են հրաժարական տալ, բայց, ինչպես դարձյալ ինքն է ասել, դեռ չեն որոշել, թե որտեղ է աշխատելու: Ի վերջո, ինչպե՞ս է պահելու իր ընտանիքը: Հո մարդը գործազուրկ չի՞ դառնալու, դռնեդուռ ընկած` պարտքեր չի՞ վերցնելու ապրելու համար… Առերևույթ ոչ ոք չի խոսում այն մասին, թե արդեն էքս նախարարը հարուստ մարդ է, թե ունի մեծ դրամագլուխ: Ամբողջ կյանքում պաշտոններ վարած գյուղատնտեսը, ով դարձել էր քաղաքաշինության նախարար, հազիվ թե ձեռքերը ծալած նստեր ու ապրեր միայն աշխատավարձով: Այն էլ` այնպիսի եկամտաբեր նախարարությունում, ինչպիսին քաղաքաշինությունն է, որը տնօրինում է մրցույթները, արտասահմանյան վարկերը, որը «Գլենդել Հիլզին» հատկացրեց Գյումրու Մուշ-2 թաղամասի շինարարության ողջ փաթեթը` բնականաբար այդպես էլ չհրապարակելով, թե ինչ մրցույթ է տեղի ունեցել, ինչպես է հաղթել այս կազմակերպությունը:: Վարդան Վարդանյանի կենսագրության շատ էջեր այդպես էլ «գաղտնի» մնացին նրա ողջ պաշտոնավարման շրջանում: Ասենք, ինչպես էր պատահել, որ «ընդամենը» 21 տարեկան հասակում էր ընդունվել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ` չպարզաբանելով, թե ինչու նա չէր ծառայել բանակում, այլ երկու տարի աշխատել էր Երևանի Ռելեի գործարանում որպես խառատ: Սովորելու տարիներին ևս աշխատել էր` 1976-1978 թ.թ. լինելով Երևանի Կամավոր հրշեջ ընկերության «Պոժտեխնիկա» գործարանի էլեկտրիկ:

Էլի շատ տեղերում է աշխատել ու միշտ` եկամտաբեր պաշտոններում:

Միշտ ինչ-որ մեկի «անհայտ ձեռքի» ներկայությունը զգացվել է Վարդանյանի կենսագրության մեջ. 8 տարի սովխոզի տնօրեն լինելուց հետո, 1991-1995թթ. աշխատել է Կոտայքի շրջխորհրդի նախագահի առաջին տեղակալ, իսկ 1996-ին էլ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի Ջրմուղ-կոյուղի թիվ 2 դուստր ձեռնարկության տնօրեն: Գյուղատնտեսը` ջրմուղագործ, հետո` հանկարծ, Երևանի «Զվարթնոց» օդակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ: Ու այսպես շարունակ:

Հիմա Վարդան Վարդանյանը, բնականաբար, դժգոհ է, որ իրադարձությունները զարգացել են այնպես, որ ինքն այլևս նախարար չէ: Սակայն, ինչպես մեր ականջին փսփսացին որոշ ԲՀԿ-ականներ, նա կորստի ցավը խորը չի ապրի, որովհետև ունի հարստություն: Դե, ուրեմն, մարդը կշարունակի վայելել, բայց` առանց բարձր պաշտոնի…