Օլիմպիական խարդախությո՞ւն


Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը պատրաստ է քննարկել 2000 թ. օլիմպիական խաղերի մասնակից չինացի երկու մարմնամարզուհիներին ստացած մեդալներից զրկելու հարցը: Ինչպես հայտարարել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան` Դուն Ֆանսյաոն և Յան Յունը Սիդնեյի օլիմպիադայում նենգափոխել են իրենց տարիքային տվյալները: ՄՄՖ-ն կասկածելու հիմքեր ունի, որ այս մարմնամարզուհիները սիդնեյյան մրցախաղերում եղել են 14 տարեկան, բայց ներկայացել են որպես ավելի մեծահասակ, որովհետև օլիմպիադայի կանոնակարգով` 16-ից փոքր տարիք ունեցող մարմնամարզուհիների մասնակցությունն արգելվում է: Եթե ապացուցվի, որ չինուհիներն իսկապես կեղծել են իրենց տարիքը, հանձնաժողովը կերաշխավորի գործադիր մարմնին` պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ: Այդ դեպքում ՄՕԿ-ը նույնպես ձեռնպահ չի մնա, որովհետև նման դեպքերում սպառնում է մեդալներից զրկում: Չինաստանի կանանց հավաքականը, որի կազմում հանդես են եկել Դունը և Յանը, 2000-ին թիմային մրցումներում նվաճել են բրոնզե մեդալ: Ավելին, Յան Յունը բրոնզե մեդալակիր է դարձել նաև զուգափայտային վարժություններում: Ինչ-որ մեկի տուժելուց անպայման օգտվում է ուրիշը. այս պարագայում` չինուհիների արդյունքները չեղյալ հայտարարելու դեպքում նրանց մեդալները կհանձնվեն Ամերիկայի հավաքականին և ուկրաինուհի Վիկտորիա Կարպենիցին: