ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԸՍՏ ԿՈՆԳՐԵՍԻ


Մեր ժամանակներում տարածված ձևակերպմամբ` մարտի 1-ի գործով ձերբակալվածների էջը փակվեց համաներմամբ: Կանխատեսվածի համաձայն` այս թեման համաներվածների ազատ արձակվելուն պես նմանատիպ անցած-գնացած-մոռացված իրադարձությունների շարքին էր դասվելու: Առավելագույնը, ինչը Կոնգրեսի պարագայում կարող էր հաջորդել նշված իրադարձությանը, արդեն հրավիրված արտահերթ (՞) հանրահավաքն էր: Այն, ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ արդեն տեղի է ունեցել ու ակամայից և իր հերթին էր ամփոփում համաներման գործընթացի քաղաքական մասը: Արմատականների հերթական միտինգը հասարակական-քաղաքական զարգացումներում բնականաբար ոչինչ չէր փոխելու: Այսուհանդերձ, ոչ միայն եղանակային, ոչ նաև քաղաքական զարգացումների համար այսչափ անբարենպաստ սեզոնին նշված հանդիպման բազմամար դությունը միայն հետևյալ պարզունակ հանգամանքի ազդեցությամբ ապահովվեց. արմատականների ընտրազանգվածին մեծապես ոգևորել էր օրեր առաջ ազատ արձակված ներին սեփական աչքերով տեսնելու և սեփական ականջներով լսելու հնարավորությունը… Սրանից շփոթվելով, թե այլ անհայտ պատճառներով` Կոնգրեսի առաջնորդներն ու հենց Լ. Տեր-Պերտրոսյանը համաներումն իրենց համար հերթական գլուխկորտուկի են վերածում` նորից և աստիճանաբար անելանելի իրավիճակում հայտնվելով: Դեռ հունիսմեկյան հանրահավաքում, առաջին Նախագահի ներկայացրած ՀԱԿ-ի` 12 կետից բաղկացած անելիքներն ու պահանջներն ամբողջացնող պլատֆորմում համաներման հասունացող գործընթացին զուգահեռ, այստեղ կալանավորվածներին ազատություն շնորհելու մասին նույնիսկ խոսվում էր: Բայց գոնե Լ. Տեր-Պետրոսյանը թե° այդ պահին և թե° առավել ևս հիմա լավ է պատկերացնում, որ պլատֆորմով առաջադրված պահանջները կարող են իրականանալ այնքանով, որքանով… դրանք չեն հակասի քաղաքական գործընթացների տրամաբանությանն ու պահանջներին: Հետևաբար, համաներման արհեստականորեն քաղաքականացումը եթե ընդդիմության հաղթանակն է, նրանց պայքարի արդյունքում է իրականության վերափոխվել, ապա ինչու դա տեղի չէր ունենում ավելի վաղ: Չէ՞ որ ՀԱԿ-ն իր ձերբակալված համակիրներին ազատություն շնորհելու պահանջը շրջանառում է ավելի քան 1 տարի: Նշված թերևս ամենաշահեկան տարբերակը կոնգրեսականներն այս օրերին զուգորդում են հետևյալ հակասական մոտեցմամբ նույնպես. ըստ պնդումների` համաներմամբ իշխանությունը փորձեց խուսափել ԵԽԽՎ պատժամիջոցներից… Այս մի «հակափաստարկը» դեռևս չարժե մեկնաբանել, քանի որ այն առավել հետաքրքիր ու «հիմնավոր» է դառնում նախորդի հետ ուղղակիորեն համադրելու պարագայում: Իսկ մինչ այդ ՀԱԿ-ի համար շարունակում է օրակարգային լինել դեռևս անազատության մեջ մնացածների թեման: Ընդ որում, կալանավայրերում մնացած մի քանի համախոհների խնդիրը Կոնգրեսն ակնհայտորեն ավելի շատ է կարևորում, քան նախքան համաներումը, երբ նման մարդկանց թիվը մի քանի անգամ ավելի մեծ էր: Նույն Լ. Տեր-Պետրոսյանի տպավորությամբ, եթե դեռևս մի քանի մարդ բանտախցում է, ուրեմն մթնոլորտը չի կարող լիցքաթափվել… Բայց խնդիրն էլ հենց այն է, որ նույն հանրահավաքի բազմամարդությունը, նախորդող օրերին Սարյանի արձանի մոտ ազատություն ստացածների ու ակտիվիստների ջերմ հանդիպումները ինքնըստինքյան մթնոլորտի լիցքաթափ ման ու մեծ հաշվով նաև խնդրի լուծման վկայությունն է: Մինչ այդ, սակայն, հեռավոր Ստրասբուրգում արմատականները հասցրել էին համաներումն իրենց մասով խայտառակություն ներկայացնող թատերական հայտնի արարը բեմականացնել: Եվ արդյունքում ասենք Սասուն Միքայելյանի կալանավորված մնալն ավելի գերակա համարվեց, քան Գագիկ Ջահանգիրյանի, Սմբատ Այվազյանի, Ալ. Արզումանյանի և մյուսների ազատությունը… Այս ամենն ինքնին վկայում է, որ հաջողության պատառը, ինչն իշխանության մեծահոգության և միջնորդության արդյունքում մատուցվեց հարյուրավոր կալանավորների ու նրանց թվում նաև ՀԱԿ համակիրներին, Կոնգրեսի պարագայում կուլ չի գնում: Մնում է ենթադրել, որ նույնիսկ այսպիսի հաղթանակների արմատականները պատրաստ չեն: Սեփական հաջողությունը, թեկուզ Երևանի ավագանու ընտրություններում նորերս արձանագրված պատկառելի տոկոսներով արտահայտված, կամ հենց նույն համաներմամբ, միևնույն է, ՀԱԿ-ը հաղթանակների հետ չի կարողանում «հաշտվել»: