ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՀՐԵԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ Է


ԱՄՆ-ում գործող հրեական «The anti-defamation» լիգան (ADL), որը ամերիկյան 67 քաղաքներում իրականացնում է «Ոչ ատելությանը» ծրագիրը, որոշ խոչընդոտների է հանդիպում հայկական 8000-հոգիանոց համայնք ունեցող Բոստոնում: Այս մասին գրում է ամերիկյան «The Boston globe» հանդեսը: Դրա պատճառն այն է, որ ADL-ն մերժում է Հայոց ցեղասպանության փաստը, ինչն էլ դարձել է տեղի հայ բնակչության զայրույթի պատճառը: Վերջիններս պահանջում են, որ կամ ADL-ն դադարեցնի «Ոչ ատելությանը» ծրագրի իրագործումը Բոստոնում, կամ էլ աջակցի Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի վավերացմանը: ADL-ի նախագահ Էյբ Ֆոքսմենը, ով բացահայտորեն դեմ է 106-րդ բանաձեւին, հայտարարել է. «Հայոց ցեղասպանության հարցում լիգայի դրսեւորած բացասական դիրքորոշման պատճառով «Ոչ ատելությանը» ծրագրի իրականացմանը խոչնդոտելը ոչ այլ ինչ է, եթե ոչ մոլեռանդություն»: «The Boston globeե-ը գրում է, որ քանի որ ADL-ն անհանգստացած է մարդու իրավունքներով, ինչի դրսեւորումն է «Ոչ ատելությանը» ծրագիրը, ապա այդ կառույցն առավել եւս պարտավոր է ճանաչել Առաջին աշխարհամարտի տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը եւ քննադատել այդ պատմական իրողության հիշողությունները ճնշելու Թուրքիայի ցանկացած փորձ: Նշենք նաեւ, որ ADL-ի հետ միասին, Միացյալ Նահանգներում գործող հրեական ազդեցիկ կառույցները` Ամերիկայի հրեական կոմիտեն, Ամերիկա-իսրայելական հասարակական կապերի կոմիտեն եւ «B'nai B'rith»-ը նույնպես չեն ընդունում 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը: ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ