11,5 հազար ներողություններ Պուտինին


Ռուսական քարոզչամեքենան իսկապե´ս լավ է աշխատում. դիպուկ ու բազմաճակատ: Դրա վկայություններից մեկն էլ deΖrΘutin.coΗ կայքն է, որը, ինչպես հավաստիաց նում են շատ լրատվամիջոցներ` օրեցօր ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում:

Կայքի ստեղծողներն ի մի են բերում ՌԴ նախագահի հասցեին հնչող մեղադրանքները (իրենց խոսքով` անհեթեթ մեղադրանքները) և արձագանքում` հիմնավոր մեկնաբանություններով: Դիցուք, նրանք այսպիսի կարծիք են շրջանառել. Արևմուտքին ձեռնտու է դիվային կերպար դարձնել Ռուսաստանն ու Պուտինին, որովհետև համաշխարհային առաջնորդներին անհրաժեշտ է արտաքին թշնամի: Այդպիսով, ըստ նրանց` արևմտյան երկրների քաղաքացիների ուշադրությունը շեղվում է ներքին տնտեսական և սոցիալական հիմնախնդիրներից:

Սակայն կայքը մեկ այլ առաքելություն ունի. այնտեղ Վլ. Պուտինին իրենց խոսքն են ուղղում արտերկրի օգտատերերը: Ինչպես նշել է Life News-ը, կայքը ստեղծել են Ռուսաստանի և մասնավորապես Վլադիմիր Պուտինի հանդեպ իրենց պետությունների քաղաքականությունից դժգոհ ԵՄ և ԱՄՆ-ի քաղաքացիները: Եվ այնտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է ներողություն խնդրել Ռուսաստանի առաջնորդից: Նրան ուղղված նամակում հիմնադիրները գրել են.

- Խնդրում ենք, ընդունեք մեր ներողությունները` մեր ԶԼՄ-ների և կառավարությունների վարքագծի համար: Արևմտյան ազգերը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, պատերազմ են սանձազերծում Ռուսաստանի դեմ: Խելացի մարդը հասկանում է պատերազմի սարսափելի հետևանքները և անում է ամեն ինչ, որպեսզի դա թույլ չտա: Դա հենց այն է, ինչ անում եք դուք: Չնայած ողջ կեղծիքին ու սադրանքներին, դուք թույլ չեք տալիս միջուկային պատերազմ սանձազերծել:

Ուղերձում Պուտինին համեմատում են «ամերիկյան վերջին մեծ նախագահ» Ջոն Քենեդիի հետ.

- Դուք գիտակցում եք ձեր պարտքը` պաշտպանել և ծառայել Ռուսաստանի ժողովրդին: Ինչպես նա, դուք ևս հասկանում եք միջուկային պատերազմի խելահեղությունը և խաղաղություն եք ցանկանում: Մենք դատապարտում ենք մեր առաջնորդների իշխանասիրությունը, ագահությունը և դաժանությունը: Մեզ տխրեցնում է միլիոնավոր անմեղ մարդկանց մահը` հանուն ազատության և ինքնապաշտպանության: Մենք խաղաղություն և արդարություն ենք ուզում բոլոր մարդկանց համար:

Պուտինին հասցեյված այս նամակի ներքո արդեն ստորագրել են 11,5 հազար ֆրանսիացիներ, ամերիկացիներ, ուկրաինացիներ և արևմտյան այլ երկրների քաղաքացիներ:

Կայքը հասանելի է եվրոպական հիմնական լեզուներով, ինչպես և ճապոներենով ու վիետնամերենով:

Հետաքրքիր է, քարոզչական այս պայթուցիկին ի՞նչ են հակադրելու Արևմուտքն ու Եվրոպան: