«ՀԱՅՈՑ ԱՅԳԻՆԵՐՆ

Ի´ՆՉ ՊՏՈՒՂ ՏՎԻՆ»


Կոմիտասյան օրերի համանվագը

2014-ին Կոմիտասի հոբելյանը նշանավորվեց երաժշտական խոշոր նախագծերով:

Վարդապետի հնչեղ ներկայությամբ հատկապես հագեցած էր նրա ծննդյան օրը` պանթեոնյան պետական ներկայացուցչական խնկարկումից ալիքվելով դեպի հայաստանյան գրեթե բոլոր մշակութային մեծ ու փոքր օջախներ: Նախաձեռնված անհամար միջոցառումների շարքում առանձնակի գրավչությամբ տպավորվեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (տնօրեն` Կարո Վարդանյան) Կոմիտասյան սրահում տեղի ունեցած «Երկու ժամ Վարդապետի աշխարհում» համերգ-ցու ցադրությունը:

«Կոմիտաս. հայտնի և անհայտ» խորագիրը կրող ցուցադրության մեջ ներկայացված ավելի քան վեց տասնյակ նյութերի զգալի մասը ցուցադրվում էր առաջին անգամ: Այդ թվում` Կոմիտասի ինքնակենսագրականների երեք` բոլորովին տարբեր օրինակները, ֆրանսիացի կոմպոզիտորների կողմից արված կոմիտասյան երկերի մշակումները, «Հայ քնար» միաձայն երգերի առաջին տասնյակի մակետը և այլն: Առաջին անգամ ցուցադրվում էին մի շարք լուսանկարներ. 1911-ին Պողոսյան վարժարանում Կոմիտասի` ուսուցիչների հետ, ազգականների խմբանկարը, աշակերտներից երեքի` Բարսեղ Կանաչյանի, Վարդան Սարգսյանի և Միհրան Թումաճյանի ջանքերով կազմված 400 երգիչներից բաղկացած երգչախմբինը... Քիչ ցուցադրված մասունքներից էր նաև Կոմիտասի բրոնզաձույլ մահադիմակը:

Կոմիտասին նորովի բացահայտում էին թավջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստուհի Մեդեա Աբրահամյանի և դիրիժոր, երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտի դասախոսությունները: Համերգային ծրագրում` Կոմիտասի անվան լարային քառյակը (գեղ. ղեկավար` Էդուարդ Թադևոսյան) և կոմիտասյան կատարումներով` երգչուհի Մարիամ Կանայանը: «Գութաներգ» տեսաֆիլմի ցուցադրությամբ յուրովի ամփոփվեց Վարդապետի ժառանգության գիտահանրամատչելի հանրայնացման հոբելյանական հանդիսությունը:

Հոբելյանի նշանավորման բարձրակետն, անշուշտ, երեկ երեկոյան Կոմիտասի անունը կրող կամերային երաժշտության տանը Վարդապետի անզուգական «Պատարագով» իր վերջին ակորդները հնչեցրած «Կոմիտասյան օրեր» փառատոնն էր (գեղարվեստական ղեկավար` Մհեր Նավոյան): Մեկնարկելով սեպտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, այն հին ու նոր տոմարներով Վարդապետի ծննդյան օրերի միջանկյալ տարածությունն իմաստավորեց հայ ազգային երաժշտարվեստի նախակարապետի շքեղ ժառանգության բոլոր շերտերի` երգչախմբային, վոկալ և դաշնամուրային ստեղծագործությունների դասական մեկնաբանությունների 5 բարձրարվեստ ու բովանդակալից համերգ-դասախոսություններով:

Կոմիտասի 145-ամյա հոբելյանակատարության միջոցառաշարին անմիջականորեն իրազեկված արվեստասեր հանրությանը հավատընծա դարձավ, որ սևակյան տաղանդավոր «Անլռելի զանգակատան» հանրահայտ` «1869 թվին Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին...» բնորոշմանը հարիր շարունակություն ի հայտ կբերեն իրագործվելիք մյուս նախագծերը ևս: Թե´ ՀՀ ամբողջ տարածքում, թե´ նրա սահմաններից հազարավոր մղոններով հեռուներում:

Հոկտեմբերի 18-ին Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցու սրահում տեղի կունենա Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ ստեղծված երգչախմբի առաջին` կոմիտասյան բեմելը:

Ավարտին են մոտենում Կոմիտասից անբաժան դարձած Հայոց ցեղասպանության հարցն արծարծող «Վարդապետի լռությունը» (աշխատանքային անուն) խաղարկային ֆիլմի, «SONY» ձայնագրման ստուդիայում «Կոմիտաս» անթոլոգիայի մուլտիմեդիա սկավառակով թողարկման և Արթուր Շահնազարյանի` Կոմիտասին նվիրված գիտահանրամատչելի վեպի ստեղծման աշխատանքները:

 

Հոբելյանական տարվա ամփոփումը ծրագրված է դեկտեմբերի 8-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` Երգչախմբային արվեստի միջազգային օրվա կապակցությամբ կայանալիք համերգով: Ուրախալի է, որ այդպիսով չի վերջակետվում Կոմիտասի բազմաշերտ ժառանգության հանրահռչակումը: 2015 թվականին, Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված բազմաբազում միջոցառումների շարքում անցկացվելու է Վարդապետին նվիրված միջազգային գիտաժողով: Գուցե կրկի՞ն վերաիմաստավորվում է «Անմահներն են հրամայում» հանրածանոթ ասույթը: Եվ Հայոց հոգևոր-մշակութային բարեբեր այգիների մյուս ախորժելի պտուղներն էլ կվերստանան իրենց քանքարի պետականորեն հանրահռչակման անհերքելի իրավունքը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ