«ԹԵԺ ԱՇՈՒՆ». մեկնա՞րկ


Ասում են` պատմությունը կրկնվելու սովորույթ ունի: Ասում են նաև, որ այն կրկնվում է հատկապես այն դեպքում, երբ իր տված դասերը չեն սովորում կամ լավ չեն սովորում: Չսովորելը կամ լավ չսովորելը մեզ համար ցավոք` կարծես դառնում է բնավորության գիծ:

Հայաստանի առաջին նախագահը մի ոչ կարճ ժամանակահատված համարում էր, որ երկիրը կարող է յոլա գնալ և առանց Սահմանադրության, ինչպես օրինակ` Իսրայելում: Հետո որոշեց, որ Հայաստանը Սահմանադրություն պետք է ունենա: Նախապատրաստական բուռն քարոզարշավին հաջորդեց հանրաքվեն, որը մինչև օրս էլ ընդդիմությունը (և´ նախկին, և´ նորօրյա) համարում է կեղծված:

Երկրորդ նախագահն էլ որոշեց ետ չմնալ նախորդից և սեփական լուման ներդնել Հայաստանի ժողովրդավարացման անշեղ առաջընթացի գործում: Նրա օրոք առաջարկված` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն արժանացավ առաջինի ճակատագրին` հանրաքվեն կեղծվեց, բայց սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ: Այլ հարց է` դրանք որքանով նպաստեցին երկրի ժողովրդավարացմանն ու առաջընթացին: Հետո վրա հասավ 2008 թ. մարտի 1-ը... Մինչև հիմա էլ պաշտոնապես մնաց չբացահայտ-ված, թե ով տվեց կրակելու հրամանը... Հիմա նորից շրջանառության մեջ է սահմանադրության բարեփոխումները:

Ստացվում է` Հայաստանի երեք նախագահների օրոք էլ երկիրը թաղվում է սահմանադրական թոհ ու բոհի մեջ: Ճշմարտություն կա այն պնդումների մեջ, որ գործող Սահմանադրության պահանջներն ու ընձեռած հնարավորությունները լիարժեքորեն չեն օգտագործվում հօգուտ երկրի կայացման, պետականության կայունացման: Իրենց կարծիքը հիմնավորում են նաև նրանք, ովքեր պնդում են, թե իրականում երկրում իշխանության համակարգի վերընտրության ու հերթագայության հարց է:

Դեռ մի քանի ամիս առաջ ԲՀԿ գլխավորությամբ «Թեժ աշուն» խոստացող խորհդարանական ընդդիմությունը անցել է գործի:

Թեև առաջիկա ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, բայց բոլորն են հասկանում` «Թեժ աշնանն» են որոշվում ապագա խորհրդարանում ուժերի բաշխումը, ինչպես նաև` թե ով կլինի երկրի առաջին դեմքի դերակատարը:

Եվ այդ պայքարում մնացած ամեն ինչը ենթակա է այդ գլխավոր հարցի ծառայեցմանը: Իհարկե, պայքարի ելածներից ոմանց համար` նաև երկրի ապագան` ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Այդ են վկայում մարզերում, քաղաքներում միմյանց հաջորդած հանրահավաքներում եռյակի վերածված քառյակի ներկայացուցիչների ելույթները:

Բողոքի ալիք բարձրացնելու համար բավարար, ազնիվ լինելու դեպքում` նաև արդարացվող հիմքեր կան և ցանկության պարագայում միշտ էլ կարելի է գտնել: Ընդդեմ կառավարության վերջին` շրջանառության հարկի մասին օրենքի` նախաձեռնությունը ոտքի էր հանել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Խորհրդարանի մոտ հավաքվածներին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, մատնանշելով խորհրդարանական մեծամասնություն ՀՀԿ-ականներին, ասում էր` այս մարդիկ չեն ուզում, որ դուք աշխատեք, որ դուք ապրեք այս երկրում...

«Հանրահավաքներում ընդդիմադիրների ելույթներում միմյանց հակասող որևէ ակնարկ չես գտնի: Բայց առկախ է մնում հարցը, թե ինչո՞ւ նախապես հայտարարված քառյակը վերածվեց եռյակի և դեռ հայտնի չէ` դա էլ կպահպանվի՞ այդ ֆորմատով: Մանավանդ` վերջերս ընդդիմադիրներից մեկը երկմտեց, թե իրեն չի տեսնում այս եռյակում: Մինչև վերջ անաչառ լինելով` հարկ է հիշատակել ՀՀԿ-ականների դիտողությունը, թե պաշտոններ բաժանելու ժամանակ այդ միասնական քառյակ-եռյակից նույնիսկ հուշ էլ չի մնա:

Ի դեպ, դեռ երկու օր առաջ, հոկտեմբերի 7-ին, պարզվեց, որ կառավարությունը շրջանառության հարկի մասին օրենքից բողոքողների պատվիրակների հետ երկար քննարկումների արդյունքում հետաձգել է օրենքի կիրառության մեջ մտնելու ժամկետը, մինչև 2015 թ. փետրվար: Այդ ընթացքում օրենքը կկիրառվի միայն խոշոր բիզնեսի համար, և վերջինիս գործունեությունը փաստաթղթավորելուց հետո միայն կտարածվի նաև փոքր և միջին բիզնեսի վրա: Սա հիշյալ օրենքից բողոքողների հաղթանակն էր, ինչը հնարավոր է, որ վաղը Ազատության հրապարակում ընդդիմադիրների սպասածից զգալի թվով մարդկանց կարող է խլել: Իսկ հանրահավաքի ավելի լայն օրակարգ ձևավորելու համար, իրոք երկրի ճակատագրի համար մտահոգ լինելու պարագայում, շատ ավելի հրատապ խնդիրներ կան: Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան: Նա Երևանում քննարկել է Ղարաբաղում ՀԱՊԿ ուժեր տեղակայելու հարցը, ինչը հերթական անգամ մերժվել է: Այս խնդրում Հայաստանին աջակցում են Արևմուտքը և մեր անմիջական հարևան Իրանը: Մինսկ է մեկնել Ադրբեջանի արտգործնախարարը` հավանաբար Լուկաշենկոյին փոխանցելու Ալիևի հորդորը` Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրում ներառելու ոչ հայանպաստ դրույթներ:

Ա. Դ.