ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆԸ ՄԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ Է


ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ադալյանը 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարասկզբի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկն է: Ազգային մոդեռնի հիմնադիրներից, ում ստեղծագործություններում առկա են դասական, արևմտյան և սինթետիկ արվեստների արտացոլումները: Նկարչի ստեղծագործությունները յուրովի միավորվում են այն նորին ու ինքնատիպին, որը մեր գեղարվեստում նախորդ դարի վերջերին դարձավ խթանիչ ուժ, նպաստեց նոր ձևերի հաստատումներին: Տարբեր տարիների ներկայացրած իր ցուցահանդեսներում Ռուբեն Ադալյանը յուրովի ցույց է տվել այն էվոլյուցիան, որն ապրել է իր արվեստը, դասականից եկել դեպի ավանգարդիստականը: Ցուցահանդեսների թիվը մեծ չի եղել, ուստի մի քանի հարյուր աշխատանքներ այդպես էլ հասանելի չեն եղել արվեստասերին: Այդ ամենը ներկայացնելու, դրանց մասին տեսական պատկերացումներ ձևավորելու համար էլ արվեստաբան Արա Հայթայանը կազմել ու հրատարակել է «Ռուբեն Ադալյան» պատկերագիրքը: Ինչպես հեղինակն է ներկայացնում. - Աշխատանքները տասնամյակներ շարունակ գտնվել են նկարչի արվեստանոցի պատերից ներս: Դրանք պատկանել են միայն նկարչին, մինչդեռ անհրաժեշտ էր, որպեսզի ներկայացվեին, պատկերացում ձևավորեին նկարչի ինքնատիպ որոնումների մասին: Այս գրքում տեղ են գտել գրաֆիկա, գեղանկար, կոլաժ, քանդակ, ռելիեֆ: Դրանք բոլորը վկայությունն են, որ լինելով մշտական որոնումների մեջ` նշանավոր նկարիչը երբեք կանգ չի առել, երբեք չի բավարարվել արդեն ստեղծածով: «Ռուբեն Ադալյան» պատկերագրքում տեղ են գտել այն աշխատանքները, որոնք կարելի է համարել նկարչի աբստրակցիոնիստական շրջանի դրսևորումներ, իսկ գիրքը` այդ շրջանի լավագույն հանրագումարն ու տեսական մեկնաբանությունը: - Այս գիրքը ստեղծվել է այն հավատով, որ որոշակի նյութ կհանդիսանա արվեստ առարկան` հայաստանյան արվեստի կենսագրությունն ու ձևերի զարգացումը ըմբռնել ցանկացողների համար: Իսկ Ռուբեն Ադալյանի արվեստին անծանոթ մարդկանց կբացահայտի հեղինակին և կփորձի լրացնել չափազանց բազմադեմ նկարչի ու հակասական անհատականության կերպարը,- ասում է Արա Հայթայանը: Պատկերագրքի շնորհանդեսն օրերս տեղի ունեցավ մայրաքաղաքի «Արվեստանոց» սրճարանում, որի մտերմիկ հարկի տակ էին հավաքվել նկարիչներ, գրողներ, արվեստաբաններ, երաժիշտներ… Շնորհանդեսին նախորդեց հետաքրքիր մի միջոցառում, որը նույնպես յուրովի կապակցվեց Ռուբեն Ադալյանին: Արամ Աբրահամյանի թանգարանում կայացավ անվանի արվեստաբան Պողոս Հայթայանի ծննդյան 75-ամյակին նվիրված մեծարման արարողությունը, որի ընթացքում նշանավոր արվեստաբանի մասին խոսք ասացին արվեստաբան Մարտին Միքայելյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը, ուրիշներ: ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի և ժողովրդական ստեղծագործության վարչության պետ Սոնա Հարությունյանը հրապարակեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձը և հրամանը` Պողոս Հայթայանին Ոսկե մեդալով պարգևատրելու մասին… Պողոս Հայթայանը արվեստաբանի իր հայացքը հառել է 20-րդ դարի ազգային գեղանկարչությանը, գրել բոլոր այն նկարիչների մասին, ովքեր հարստացրել են մեր գեղարվեստի պատմությունը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ