Կարևոր չէ` ինչ արդյունքով, բայց որոշ չափով արդար…


Մինչև մայիս դեռ հինգ-վեց ամիս կա, բայց նախընտրական գործընթացներն արդեն լիովին մտել են հունի մեջ: Համենայն դեպս, իշխանական վերադասավորումներն անցած շաբաթ բոլոր լրատվամիջոցների, վերլուծաբանների և քաղաքագիտական շրջանակների քննարկման հիմնական նյութն էին: Այդ ամենի, առաջիկա ընտրություններում հնարավոր զարգացումների մասին է զրույցը Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ: -Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է մեկնաբանել նախորդ շաբաթվա ընթացքում միմյանց հաջորդած հրաժարականները: Ի՞նչ է կատարվում Հայաստանի իշխանական համակարգում: -Ես կարծում եմ` պատասխանը շատ պարզ է. իշխանությունը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Մյուս կողմից էլ փորձում է հասարակության համար ավելի ընդունելի տեսքով հանդես գալ, ինչպես նաև` կենտրոնացնել իր ռեսուրսները: Կարծում եմ` այն, ինչը տեսնում ենք, շատ ավելի խորքային բնույթ ունի: Դա առնվազն Հանրապետական կուսակցությունում, եթե ոչ իշխանական ողջ կոալիցիայում սերնդափոխության գործընթացների միայն սկիզբն է: -Հովիկ Աբրահամյանը հրաժարվեց Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից` գերադասելով ընտրություններում Հանրապետականի նախընտրական շտաբի պետի պաշտոնը: Սակայն մամուլը նկատեց, որ նա նախկինում էլ է ղեկավարել նախընտրական շտաբը, ինչի համար հիմնական պաշտոնից հրաժարական տալու հարկ չի եղել: -Ավելի կարևոր է այն, որ նա հրաժարական է ներկայացրել, այլ ոչ թե այն, որ նշանակվել է նախընտրական շտաբի ղեկավար: Ես կարծում եմ` Սերժ Սարգսյանն ընտրել է ոչ թե անձերի կոշտ փոփոխությունը, այլ իր սովորույթի համաձայն` ավելի մեղմ ձևով մարդկանց փոխարինելը: Իսկ Հովիկ Աբրահամյանի պարագայում դա պատվավոր թոշակի անցնելու տարբերակն է: Իմ կարծիքով, դա երևաց նաև նրանից, որ Միքայել Մինասյանը նրա շտաբի պետի տեղակալ նշանակվեց: Կատարվածն ինչպես էլ մեկնաբանենք, իմաստը շատ պարզ է` բոլորը հասկանում են, որ այս գործընթացը սկսվել է, և Հանրապետական կուսակցության երիտասարդների ճանապարհն է բացվում: -Այս խնդրում արդյո՞ք չկա այն գործոնը, ըստ որի Սերժ Սարգսյանն աշխատում է իշխանության մեջ առաջ մղել ժողովրդի, հասարակության համար ավելի ընկալելի մարդկանց: -Միանշանակ: Եվ դա թույլ է տալիս մտածել, որ իշխանությունները փորձում են ավելի լավ ընտրություններ անցկացնել, հնարավորինս խուսափել վարչական ռեսուրսներից: Որովհետև հասկանում են, որ կարևոր չի` ինչ արդյունքով, բայց որոշ չափով արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելը երկարաժամկետ հեռանկարում ավելի կամրացնի Ս. Սարգսյանի դիրքերը: Եվ ես կարծում եմ` միգուցե լավ հնարավորություն է ստեղծվում, չեմ ասում իդեալական, բայց մինչ այժմ եղածներից լավ իմաստով կտրականապես տարբեր ընտրություններ կազմակերպելու: Առավել ևս, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում արդեն գոյություն ունեն մի քանի բևեռներ: Շատ հնարավոր է, որ այդ բևեռներից մեկը դառնա «Բարգավաճ Հայաստանը», մյուսը` արմատական ընդդիմությունը: Բևեռներից մեկը կարող է լինել Դաշնակցությունը և միգուցե նաև նրա հետ համագործակցող «Ժառանգությունը»: Այս մի քանի բևեռների գոյությունը Հանրապետականին հնարավորություն չի տա նախորդ անգամվա պես միայն վարչական ռեսուրսն օգտագործելով փորձել հաղթել ընտրություններում: Բոլոր դեպքերում, ենթադրվում է, որ ընտրություններից հետո կստեղծվի նոր կոալիցիոն կառավարություն: Միայն հարցն այն է, թե կուսակցություններից յուրաքանչյուրն ի՞նչ արդյունքով դուրս կգա ընտրություններից: -Ընտրություններում չե՞ք կարևորում նաև արտաքին ազդեցությունը: Հայտնի է, որ Ս. Սարգսյանը և´ Եվրամիությանը, և´ Միացյալ Նահանգներին խոստացել է նորմալ ընտրութ յուններ անցկացնել Հայաստանում: - Եթե արտաքին ազդեցությունը համարենք որպես նպաստավոր գործոն, ապա այո` կարծում եմ, որ Միացյալ Նահանգների և Եվրամիության կարծիքները կարևոր են: Ս. Սարգսյանը հասկանում է` եթե իրեն հաջողվի արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնել, ապա Արևմտյան երկրներում իր վարկը կմեծանա: Չմոռանանք, որ Ս. Սարգսյանը չափազանց ընդունելի է նաև Ռուսաստանի համար: Բայց չեմ կարծում, թե արտաքին ուժերը լուրջ ազդեցություն կարող են ունենալ մեր ընտրությունների ընթացքի վրա: - Նկատած կլինեք, հավանաբար, որ հատկապես վերջին օրերին մամուլը Քոչարյանի վերադարձի, քոչարյանական ինչ-որ դավադրությունների մասին լուրեր էր շրջանառում: Դա ինչո՞վ կարելի է բացատրել: Եվ ընդհանրապես, արժե՞ այդ թեմային լրջորեն վերաբերվել: - Թվում է, թե մի քանի անգամ արդեն ապացուցվել է, որ մամուլն ավելի շատ նպաստում է այդ խոսակցությունների ստեղծմանը: Ես չեմ կարծում, որ ներկայումս Քոչարյանի վերադարձի հավանականությունն ավելի մեծ է, քան եղել է կես տարի կամ մի տարի առաջ: - Ասացիք` այսօրվա իշխանությունը, հանձին Սերժ Սարգսյանի, շահագրգռված է, որ ավելի լավ ընտրություններ անցկացվեն Հայաստանում, նույնիսկ, անկախ` արդյունքից: Ի՞նչ եք կարծում, Ս. Սարգսյանը, լինելով Հանրապետականի ղեկավարը, թեկուզ ներքուստ արդյո՞ք կհամաձայնի, որ ապագա խորհրդարանում Հանրապետականն այսօրվա պես մեծամասնություն չլինի: - Իրականում, եթե վարչական ռեսուրսը մի կողմ թողնենք, հասկանալի է, որ Հանրապետականն իր կառուցվածքի, իր քաշի առումով ամենամեծ քաղաքական ուժն է և յուրաքանչյուր մակարդակի ընտրությունների դեպքում զգալի դեր կխաղա նոր խորհրդարանում: Երկարաժամկետ առումով դիտարկելու դեպքում, եթե ընտրություններն արդար անցնեն, և Հանրապետականն էլ մեծամասնություն չստանա ու ստիպված լինի իրական կոալիցիոն կառավարություն կազմել, Սերժ Սարգսյանը լավ ընտրությունների արդյունքում մեծ դիվիդենտներ կստանա, ինչը և սպասվող նախագահական ընտրություններում կարևոր քաղաքական պաշար կլինի: Նաև մարտավարական մակարդակի ակնկալիքներից կամ սպասումներից ավելի շատ կլինի:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ