ԴԱՐՁՅԱԼ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ 


 

Դե, իսկ դեղերի խելագար գնաճի մասին խոսելն իսկ ավելորդ է

Որքան շատ ենք խոսում բժշկական ծառայությունների անմատչելիության, հիվանդանոցներից շատերում տիրող անարխիայի մասին, այնքան մեր մի շարք առողջապահական հաստատություններ ավելի են սանձարձակ ու անկառավարելի դառնում: Նոյեմբերի 1-ից էլ մայրաքաղաքի մի շարք բուժական հաստատություններում թանկացել են վիրահատութ յունները, հիվանդանոցներն իրենց նոր սակագներն են հաստատել: Առողջապահության նախարարությունում չեն ժխտում, որ թանկացումներ կատարվել են: Մասնավորաբար նախարարության մամլո խոսնակը հաստատելով մեր տեղեկությունները, հավելել է, որ թանկացումներով իրենք հետաքրքրվում են, նախարարությունը վերահսկողություն է սահմանում, որպեսզի սակագները լինեն ողջամիտ:

Ողջամիտ ասվածն այնքա˜ն հարաբերական է, որ ոչ մի կերպ չի համապատասխանում ժողովրդի ճնշող մեծամասնության գրպանին: Ու ամենատարօրինակն այստեղ այն է, որ աստիճանաբար գներն իջեցնելու, մի շարք վիրահատություններ անվճար դարձնելու փոխարեն` հիվանդանոցները գներ են բարձրացնում, իսկ նախարարությունն այս ամենին նայում է «փիլիսոփայորեն»: