«ՋՐԻ ԳԻՆՆ» ԻՆՉՔԱ՞Ն Է… 


 

2004-05 թվականներին, երբ «Օրինաց երկիրը» ակտիվ դիրքորոշում ուներ խորհրդարանում, հետամուտ էր, որ բացահայտվեն «ջրի գնով» ձեռք բերված տարածքները, պետությանը հասցված վնասը վերականգնվի:

Այդ ժամանակ ԱԺ Վերահսկիչ պալատը սևեռվեց Կորյունի փողոցի մի քանի շենքերի, մասնավորաբար քննարկման նյութ դարձավ «Մանես-Վալեքս գրուպի» կողմից գնված ու շահագործվող շենքը: Սակայն այդ ժամանակ ոչ ոք ուշադրություն չդարձրեց նույն փողոցի թիվ 18ա հասցեին, որը հսկայական ապակեպատ շենք է և որը երկար տարիներ հայտնի է եղել այնտեղ գտնվող հեղինակային իրավունքի պաշտպանության գործակալությամբ:

Ինչպես մեզ հաջողվեց պարզել, այս շենքում որպես հիմնական սեփականատեր հանդես է գալիս պատգամավոր Միքայել Մելքումյանը: Պատգամավորը խուսափում է խոսել իր կողմից սեփականաշնորհված տարածքների մասին, երբեմն էլ ասում, թե տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Սակայն դժվար չէր անցնել հարկից հարկ, կամ էլ` մոտենալ այստեղ ծառայություն մատուցող որոշ մարդկանց և ճշտել, որ շենքը պատկանում է հենց այս պատգամավորին, ով սեփականատեր դառնալու պահին պատգամավոր չէր, այլ պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, ում մասին ուսանողներն այնքան էլ լավ բաներ չեն խոսում…

Այս շենքում են տեղակայված «Ուրարտու» մասնավոր համալսարանը, «Հայհեղինակ» գործակալությունը, ՀԱԿ գրասենյակը և այլն… Մենք տեղեկացանք, որ Մելքումյանը բավական բարձր վարձակալական սակագներ է սահմանել: Ասենք, 10 քմ վարձակալելու համար ամսական պետք է վճարել 80-100 հազար դրամ… Դե, մայրաքաղաքի կենտրոն է, «պրեստիժ» շենք է, պիտի որ սեփականատերն էլ «հարգանքով» վերաբերի իր ունեցվածքին: Բայց արդյո՞ք այդ «հարգանքը» նկատելի է հարկային պարտավորություններում, արդյո՞ք համարժեք հարկեր է վճարում պարոն Մելքումյանը: Կամ, արդյո՞ք այդ «ջրի գին» ասվածից հայտնի է դառնում, թե ինչքա՞ն է վճարել դասախոսն ու ներկա պատգամավորը շենքի դիմաց… Այս ամենի մասին մեզ մոտ ընդունված չէ խոսել, մանավանդ այն դեպքերում, երբ գործ ունենք «ոչ շարքային» անձանց հետ: Մինչդեռ այս ամենից տուժում է պետությունը, տուժում է ժողովուրդը, որն ամեն տարեվերջի սպասում է սոցիալական բարեփոխումների, ակնկալում է աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումներ: Բայց ինչպե՞ս պետությունը կարողանա լուծել բոլոր խնդիրները, երբ շարունակվում են «տարօրինակ» սեփականաշնորհումները, երբ շատերը պատգամավոր են դառնում` իրենց ունեցվածքը բազմապատկելու անվրեպ հեռատեսությամբ` խորացնեն ստվերային գործունեությունը…

Ինձ ծանոթ իրավաբաններից մեկը մի առիթով նշեց, որ ժամանակն է, որպեսզի մեր երկրում համընդհանուր գույքագրում իրականացվի, պարզվի, թե ո՞վ ի՞նչ տարածքներ ու այլևս չգործող գործարաններ է ձեռք բերել, ինչո՞վ է զբաղվում և ինչքա՞ն հարկեր է վճարում: Գաղափարն ինձ դուր եկավ, սակայն հաջորդ պահին հասկացա, որ այս ամենը ռոմանտիկ ցանկություն է, քանի որ ցանկացած գույքագրում իր հետ կբերի բազմաթիվ խուսանավումներ ու խուսագրություններ. նորից ոմանք ամեն ինչ գլխիվայր կշրջեն, կեղծ տվյալներ կհրապարակեն: Կպարզվի, որ մեր շատ մեծահարուստներ հետին աղքատներ են, քանի որ նրանց ունեցվածքը գրանցված է ուրիշների անուններով… Այսինքն, ժամանակին, և ոչ միայն ՀՀՇ կառավարման շրջանում, կարողացել են «ջրի գին» ասվածով ձեռք բերել երկրի ունեցվածքը, տեր դառնալ շատ տարածքների ու հիմա, գրանցելով ուրիշների անուններով, վայելում են` իրենց մտքում ծիծաղելով բոլոր նրանց վրա, ովքեր կամենում են այս երկրում հասնել օրինականության հաստատմանը: Հիմա «բիրդան աղաների» մի մեծ զանգված տեղ է գտել խորհրդարանում, ձեռք բերել անձեռնմխելիություն: Հո չե՞ս կարող պատգամավորից հետաքրքրվել, թե իր այս կամ այն տարածքը քանի՞ դրամով է ձեռք բերել, հիմա ինչքա՞ն եկամուտներ է ստանում… Անգամ եթե որևէ մեկն անկեղծանա ու ասի, ո՞վ է նրան պարտադրելու ողջամիտ վճարումներ կատարել, ո՞վ է վերահաշվարկ կատարելու…

Լ.Մ.