ՀԱՄԱԿԱ´ՐԳՆ Է ԽԱՐԽՈՒԼ


ԱՄԵՆ անգամ, երբ որևէ դժգոհ սոցիալական խմբի բողոքի ակցիան ոստիկանության բռնաճնշմանն է ենթարկվում, առաջ է գալիս մի քիչ հռետորական, բայց հրատապ հարցադրումը. ոստիկանությունն իրո՞ք այդքան շատ է ատում հարազատ ժողովրդին: Թե՞ ծառայողական պարտականություններն են ստիպում բազազանմանների գլխավորած ուսադիրավորների խմբերին` ազատություն տալ ձեռքերին: Ամեն դեպքում, վաղուց է ձևավորված ու արմատացած այն տպավորությունը, թե միտինգավորն ու նրան ճնշող ոստիկանը մարդկային անհամատեղելի տեսակներ են: Ամեն առիթով ու բավական հաճախ համոզվում ենք, որ հայրենի միլիցիայի կոչումը ոչ այնքան հասարակական կարգի պահպանումն է, այլ իր ուժն ու ֆիզիկական հնարավորությունները պարբերաբար հրապարակավ դրսևորելը: Ատելության սահմանները չափող գործիք իհարկե չկա, բայց ուսադիրավորների` թեկուզև բողոքավոր ժողովրդին սիրելու ու հարգելու մասին հաստատ խոսք լինել չի կարող: Երջանկության մասին հայ ոստիկանի պատկերացումը երևի հետևյալն է. լարվելու, չարչարվելու, ավելորդ էներգիա վատնելու և, վերջապես, կարգ պահպանելու առիթները որքան քիչ լինեն, այնքան պարապ աշխատաժամերը հեշտ կգլորվեն: Ավելին, կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվելու, անձրևից թրջվելու, մրսելու հավանականությունն էլ ի հաշիվ պարապուրդի ավելի կնվազի: Պարզ է, որ նման երազանքներով առնվազն ալարկոտը կարող է առաջնորդվել: Ու երբ Ալիկ Սարգսյանը խոսում է իր ղեկավարած համակարգի հեղինակության մասին, պարզապես անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող են մեկտեղվել նմանների և հանրային վստահություն ու հարգանք վայելող հասարակական կարգի պաշտպանի հակասական կերպարները: Ի դեպ, ասում են` ոստիկանապետը շուտով փափուկ վայրէջք կկատարի կառավարությունում (ո˜վ իմանա): Եվ խոսքը միայն փողոցային «ձեռնամարտերում» մասնագիտացած հատուկ խմբերի մասին չէ: Համակարգն է խարխուլ: Ահա, օրինակ, դեռ մի երկու շաբաթ առաջ ոչ անհայտ Հովիկ Թամամյանն իր տարերքի մեջ ընկած ու առանց որևէ վատ կանխազգացման, պաշտոն կոչվածի քաղցր պտուղներն էր վայելում… Այսօր արդեն նա մեկն է նրանցից, ով խայտառակ ձևով հրաժեշտ է տվել համակարգին, ու հեղինակություն կոչվածը (որն այն ժամանակ էլ էր խիստ պայմանական) փրկելու որևէ հնարավորութ յուն չունի: Բայց խնդիրը բոլորովին էլ հենց «Թամամ»¬ի անձը չէ: Իրոք նույնիսկ անձը չէ կարևորը: Հայաստանի ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն ամենայն հոժարությամբ խոշոր չափերի կաշառք է ստացել: Իսկ մարդասպա նության հետքերը կոծկող պաշտոնյային ու նրա համակարգին ընդհանրապես, հնարավո՞ր է վստահել: Այսօր Թամամյանին, վաղը` հաջորդին, մյուսին, ուրիշին հրաժեշտ տալու ժամանակը կգա: Բայց մեկ ծաղկով կամ ժամանակ առ ժամանակ հեռացվող «ծաղիկներով» ոստիկանությունում իսկական գարունը շուտ չի գա: Մանավանդ` վերջին իրադարձություններն ավելի անվիճելի դարձրին այն, որ ոստիկանության հեղինակության փրկությունը վարկաբեկված բարքերից ազատվելու հրամայականը գիտակցելու շրջանակում է: Թեև` գիտակցելուց բացի, գործնական քայլեր էլ են պետք: