Խնկարկում Սիրո զոհասեղանին


Ազգային օպերային թատրոնում, ի նշանավորումն իտալացի հանճարեղ կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի ծննդյան 150-ամյակի, ներկայացվում է «Մադամ Բաթերֆլայ» օպերան£ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ համատեղ իրականացված նոր բեմադրությունը, ենթադրվում է, նոր փայլ պիտի հաղորդեր սքանչելի երաժշտադրամատուրգիական ստեղծագործության կենդանացմանը£ 2000¬ից Էդուարդ Թոփչյանի գեղարվեստական ղեկավարությամբ հանդես եկող ՀՊՖ նվագախումբը, Հայաստանի ու արտերկրի լավագույն երգիչների ուժերով, տպավորիչ արտահայտչականությամբ ներկայացրել է մի շարք օպերաների («Աիդա», «Սևիլյան սափրիչ», «Թիկնոցը», «Պայացներ»…) համերգային բեմականացումներ£ Այդ թվում և` նույն «Մադամ Բաթերֆլայ»¬ի£ Նոր ներկայացման մեջ ընդգրկված երգիչներից շատերի դերերգերին ու համերգային ելույթներին ծանոթ լինելով` վստահանում ես, որ նրանց կատարողական ներուժի մեկտեղմամբ վերահաստատված ես տեսնելու գունագեղ ներդաշնակությամբ, անգերազանցելի հարուստ մեղեդայնությամբ առանձնահատուկ իտալական երաժշտարվեստի բարձրագույն համարումը£ Պուչինիի «Գրավել, հուզել և ցնցել հանդիսատեսին» դավանանքի որդեգրումը հավատընծա է դարձնում փայփայածդ հույսը£ Էդ. Թոփչյանի դիրիժորական հմուտ առաջնորդությամբ ՀՊՖ նվագախումբը հնչեցնում է առաջին ակորդները£ Բեմում երևում են ամերիկյան նավատորմի սպա Պինկերտոնը (Հովհաննես Այվազյան), խնամախոս Գորոն (Պերճ Քարազյան)£ Պուչինիի տիպտիխի ստուդիական բեմադրության ներկայացման վառ տպավորությամբ` ուշադրությունս կենտրոնանում է ձայնային հրաշալի բնատուր օժտվածությամբ աչքի ընկնող կոնսերվատորիայի II կուրսի ուսանող Հովհաննես Այվազյանի դերակատարման վրա. երազում էի նրան մեծ բեմում տեսնել… Գործողության մեջ է մտնում Դավիթ Բաբայանցի Շարփլեսը` Նագասակիում Ամերիկայի հյուպատոսը£ Մինչ ավանսցենում քննարկվում է Պինկերտոնի և 15-ամյա Բաթերֆլայի ամուսնության հարցը, մանրակրկիտ զննում եմ բեմի ձևավորումը£ Ի սկզբանե մերժելով խորքի պաստառին անընդմեջ ցուցադրվող տեսաժապավենի անհրաժեշտությունը թատերական կենդանի ներկայացումներում` փորձում եմ կոնկրետ այս դեպքում, գոնե ինքս ինձ համար, պարզել դրա կիրառության նշանակությունը£ «Compart» իմպրովիզացիոն ուղղության հետևորդ բեմադրիչ Սուքիաս Թորոսյանը, կարծում եմ, առավելապես բնապատկերային վառվռուն կադրերի շարունակականությամբ մտածել է հարստացնել իր իսկ մտահղացած բեմական միջավայրը£ Ընդլայնել տարածքն ու կենսական, նաև` խորհրդանշական աշխուժության պատրանքի մշտառկայությամբ հավելյալ գրավչություն հաղորդել ընդհանուր ներկայացմանը£ Ըստ իս, իրականում այդպիսով չեզոքացվելու էր բեմադրական ստատիկ մտածողությամբ վհատ զարգացման դատապարտվածության անխուսալիությունը£ ՀՊՖն¬ի հետ իրականացրած «Մադամ Բաթերֆլայ», «Ռիգոլետո», «Պայացներ» օպերաների համերգային բեմականացումներում Թորոսյանի նախընտրած մեթոդը, գուցե, արդարացնում էր իրեն£ Մեծ բեմում, ամբողջական ներկայացման պարագայում, այն միանշանակ վերանայման կարիք է զգում£ Վարպետ օպերային բեմադրիչի փորձառու խորհրդատվությամբ, անշուշտ, «մադամ Բաթերֆլայ» օպերային ներկայացումը կարելի կլինի թատերական հրավառության մակարդակի հասցնել£ Նման ռեալ հնարավորություն ընձեռում են թե° Պուչինին, թե° ՀՊՖ նվագախումբը, թե° ընտրված երգիչների հավաքականությունը£ Ինչևէ£ Առաջին իսկ բեմելից կարևորվում է Արծվիկ Դեմուրչյանի Մադամ Բաթերֆլայը` քնարաշունչ կատարմամբ, ճապոնուհի աղջնակի բեմատիպարով, բնութագրական վարքագծով£ Նուրբ հոգեբանական վրձնահարվածներով արտիստուհին ամբողջացնում է իր հեզաքնքույշ հերոսուհու սիրո պատմությունը` հստակ տարբերակելով տարիքային, իրավիճակային փոփոխությունները երեք գործողությունների ընթացքում£ Անկեղծորեն հուզում Պինկերտոնի հանդեպ Բաթերֆլայի տածած սիրո ճակատագրականությամբ, որի խորունկ վերապրումը դրվագից դրվագ հասունացնում է հանուն սիրեցյալ ամուսնու նախնիների կրոնից հրաժարված, հավատարիմ սպասուհի Սուձուկիի (Քրիստինե Սահակյան) նվիրվածության մեջ միայն դիմակայելու ուժ գտնող տարաբախտ Բաթերֆլայի ողբերգական վախճանը£ Առանձնակի հուզառատությամբ է մարմնավորում Դեմուրչյանը իր հերոսուհու լքվածությունը, ստիպողական անջատումը միակ ուրախությունից` որդուց£ Հանգուցային տեսարանների զգայական ներգործությունը վարակիչ ուժ է ստանում Սուձուկի-Շարփլես¬Բաթերֆլայ փոխհարաբերությունների զուսպ ու ներդաշն երաժշտադրամատուրգիական մեկնաբանության եռամիասնությամբ£ Եվ Բաթերֆլայի անձնասպանության ցավը փոխանցվում է դահլիճ` ընկալվելով որպես մի նոր խնկարկում Սիրո զոհասեղանին£ Հաղթահարվեն բեմադրական անփորձության սպրդումները, խաղարկման պարբերականությամբ վերացվի հապճեպության անբարենպաստ ազդեցությունը, որ երբեմն¬երբեմն թուլացնում է առանձին հաջողված հատվածների տեմպոռիթմը և իմաստային դյուրընկալումը, «Մադամ Բաթերֆլայ» օպերային նոր ներկայացումը, անկասկած, ձեռք կբերի խաղացանկային խանդավառող կենսունակություն£ Կներկայացնի նոր հնչեղ անուններով թատրոնի խաղացանկը հարստացնելու լուրջ հայտ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ