Խաղաղ ծառայություն Հայրենիքի զինվորներին


Մեկնարկել է 2015թ. ամառային զորակոչը:

Հանրապետության տարածքային զինկոմիսարիատներից հուլիսի 1-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները:

Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ վերջին տարիներին առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը: Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կկատարվի վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն կընձեռի առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները:

ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:

ՀՀ զինված ուժերում ծառայելը և սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին` նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ: Ուստի կոչ ենք անում ողջ ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը` զերծ մնալով զանցանքներից:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2015թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին: