Փհենյանը՝ տեսահոլովակ, Վաշինգտոնը՝ լրտես-արբանյակ

ՈՐՏԵՂ ԼՐՏԵՍ, ԱՅՆՏԵՂ՝ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային Կորեայում տեսահոլովակ են նկարահանել, որտեղ երևում է, թե պատերազմ բռնկվելու պարագայում ինչ է սպառնում ամերիկյան նավատորմին և օդուժին:
 
Երևում է՝ հեղինակները հումորից զուրկ չեն եղել, որովհետև առաջին կադրում պատկերել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ «Էնդրյուս» ռազմական հենակետի անձնակազմի առջև ելույթ ունենալիս: Այնուհետև կադրում հայտնվում են ամերիկյան ռմբակոծիչներն ու կործանիչները, որոնց խոցում են հյուսիսկորեական հրթիռները, ապա՝ գրոհում «Կարլ Վինսոն» ավիակրի վրա:
 
Տեսահոլովակը շատ արագ պատրաստվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ օդուժը կործանիչների ուղեկցությամբ թռիչք է իրականացրել միջազգային օդային տարածքում՝ հենց ԿԺԴՀ սահմանների երկայնքով և ընդհուպ մոտեցել ռազմականացված գոտու սահմանին:
 
Աշխարհը, իհարկե, չի մոռացել, թե ինչպես անցած երեքշաբթի ԱՄՆ նախագահ Թրամփը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ամբիոնից հայտարարեց, թե ինքը պատրաստ է ամբողջովին ոչնչացնել Հյուսիսային Կորեան: Դրան ի պատասխան էլ՝ Կիմ Չեն Ընը Թրամփին զառամախտով տառապող համարեց և խոստացավ կիրառել «պատմության մեջ ամենածանրակշիռ հակամիջոցները»: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս շտապեց կարծիք հայտնել՝ ասելով, թե ԱՄՆ-ը չի համարձակվի Փհենյանին հարված հասցնել, որովհետև լավ գիտի, որ այդ երկիրը միջուկային զենք ունի: 
 
Ժողովրդական մի լավ խոսք կա՝ սեպը սեպով են հանում: Փաստորեն, եթե Հյուսիսային Կորեան միջուկային սպառնալիք չներկայացներ, կամ, ավելի ճիշտ՝ եթե աշխարհում միայն ԱՄՆ-ի զինանոցում այդպիսի զենք լիներ, Թրամփի ղեկավարած պետությունն արդեն աշխարհին տիրած կլիներ: Կարելի է ասել՝ մեր մոլորակի համար ուղղակի փրկություն է, որ հակառակ ճամբարներում միջուկային տերություններ կան: Հիմա ճամբարներից ոչ մեկը չի համարձակվում մյուսին այս կործանարար զենքերով հարվածել, որովհետև ոչ մի երաշխիք չունի, որ իր հարվածից մեկ վայրկյան անց հակառակ կողմի հրթիռները գրոհի ավտոմատ հրահանգ չեն ստանա: Այսպիսով՝ միջուկային սպառնալիքը հենց միջուկային սպառնալիքով էլ «հանվում» է:  
 
Բայց, քանի որ ԱՄՆ-ում այնքան էլ վստահ չեն, թե շարունակվող փոխադարձ թշնամական ելույթներից հետո Փհենյանում միջուկային հարված հասցնելու հրաման չի հնչի, փորձում են իրավիճակը տիեզերքից վերահսկել: Կիրակի օրը հաղորդագրություն է տարածվել, որ ամերիկյան զինվորականները Կալիֆորնիայի հենակետից հաջողությամբ արձակել են NROL-42  արբանյակ-լրտեսը: Այն ունակ է շուրջօրյա հսկել Երկրում գտնվող որոշակի կետերը: Փորձագետները կարծում են, որ սարքը նախատեսված է հյուսիսային կիսագնդի հրթիռային մեկնարկները վերահսկելու համար: Սա «United Launch Alliance» ընկերությանը 7-րդ արբանյակն է՝ 2017թ. ընթացքում:
 
Եթե այդ «լրտեսները», իրոք, նախատեսված են միջուկային պատերազմը կանխելու համար, թող բարով արձակվեն: Միայն թե՝ որտեղ լրտես, այնտեղ մատնություն: Իսկ թե ինչեր են մատնում մոլորակի ուղեծիր արձակված բազմաթիվ նման արբանյակները, քչերը գիտեն, ու դեռ հարց է՝ դրանց օգո՞ւտն է ավելի շատ, թե՞ վնասը: