Ընդդիմությունը հերթական պարտությունը կարձանագրի
ՍԴ-Ի ՎՃԻՌԸ ՇՐՋԱՆՑԵՑԻՆ
Ընդդիմության ուրախությունը կարճ տևեց: Սահմանադրական դատարանի վճիռը չի կարող ստիպել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին՝ հրաժարական տալ:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը և «Ծառուկյան» դաշինքը համատեղ դիմել էին ՍԴ և վիճարկում էին Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականությունը, քանի որ Մամիկոն Ասլանյանը ավագանու անդամների թվի անհրաժեշտ ներկայություն չունենալով՝ նիստեր էր հրավիրում:
Իրավաբանների և ընդդիմադիրների մեկնաբանությամբ՝ վճռի հրապարակումից հետո ՀՀԿ-ն պետք է պահանջեր Մամիկոն Ասլանյանի հրաժարականը, քանի որ ըստ վճռի՝ Վանաձորի նիստերը հակասահմանադրական են: Սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ ավագանին չի լուծարվի ու մինչև 2018-ի մարտի 31-ը կաշխատի: Ընդդիմադիրները հակառակն են պնդում: Մի քանի ձայնի տարբերությամբ և, ինչպես Հեղինե Բիշարյանն էր ասել՝ «պոռնիկների» պատճառով քաղաքապետ չդարձած Քրիստ Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը, ասել էր, թե ՍԴ-ի վճիռը հստակ է, տարընթերցում չկա:
Ասել, թե սպասելի չէր ՀՀԿ-ի այս կեցվածքը, ճիշտ չէ, քանի որ ոչ մի ուժ էլ չի ցանկանա Վանաձորում այդքան մեծ դժվարությամբ ստացած իշխանությունը կորցնել: Բացի այդ՝ Մ. Ասլանյանը հավանաբար դեռ չի կորցրել անհրաժեշտ թվով ավագանու անդամների ներկայություն ապահովելու հույսը:
ՀՀԿ ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՍԴ վճիռն այսպես է մեկնաբանում.
- Սահմանադրական դատարանը որոշել է, որ հակասություն կա Սահմանադրության և ՏԻՄ օրենքի միջև, իսկ Մամիկոն Ասլանյանը խախտում չի կատարել, այլ առաջնորդվել է ՏԻՄ օրենքով, մինչև մարտի 31-ը ժամանակ կա, որ ՏԻՄ օրենքը համապատասխանեցվի Սահմանադրությանը, և եթե դրան համապատասխան ավագանու նիստը չգումարվի՝ նոր հետևություններ պետք է անենք:
Այսինքն՝ օրե՞նքը կհարմարեցվի Սահմանադրությանը: Բայց օրենսդրական նոր փոփոխությունները սովորաբար հետադարձ ուժ չեն ունենում: Իսկ այն, որ Մամիկոն Ասլանյանը մինչև ՍԴ վճիռը անօրինական նիստեր է արել, ընդունել որոշումներ, անգամ՝ քաղաքի բյուջե, ՀՀԿ-ն այս մասին լռում է:
Սակայն խնդրի լուծումը մինչև գարուն չի ձգվի: «Ավանգարդին» հասած լուրերի համաձայն՝ նոյեմբերի 22-ի Վանաձորի ավագանու նիստին հավանաբար կմասնակցեն նաև ՀՎԿ-ի անդամները: Այդ դեպքում քվորում կապահովվի, և հարցը կփակվի:
Կարող ենք փաստել, որ հերթական անգամ ընդդիմությունը պարտություն կարձանագրի՝ անմիասնականության, անձնական շահը բարձր դասելու արդյունքում:
Մեր ընթերցողներին հիշեցնենք Վանաձորի քաղաքապետի թնջուկը:
2016-ին Վանաձորում կայացած քաղաքային իշխանությունների ընտրություններում 1-ին տեղը զբաղեցրել էր ՀՀԿ-ն՝ ստանալով 13 մանդատ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը զբաղեցրել էր 2-րդ տեղը՝ ստանալով 10 մանդատ: 3-րդ տեղը զբաղեցրել էր «Հայկական վերածնունդը» (5 մանդատ), 4-րդ տեղը՝ ԲՀԿ-ն (3 մանդատ): Անցողիկ 6 տոկոս շեմը հաղթահարել էր նաև Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (2 մանդատ)։
Ընտրությունների հաջորդ օրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին առաջարկել էր միավորվել և միասին ձևավորել տեղական իշխանություն Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնում, քանի որ երեք կուսակցությունների՝ ԼՀ-ի, ԲՀԿ-ի ու ՀՎԿ-ի ձայների համամասնությունը բացառիկ հնարավորություն է ստեղծել Վանաձորի քաղաքային իշխանությունը փոխելու և Հայաստանի երրորդ քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու համար:
Վանաձորի քաղաքապետի ընտրության, այսպես ասած, 2-րդ փուլը դարձավ ավագանու անդամների կողմից փակ, գաղտնի քվեարկությունը։ Եվ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը, քանի որ ընդդիմադիրներից չորս հոգի քվեարկել էին Մամիկոն Ասլանյանի օգտին: Թե ովքեր էին նրանք՝ մինչ օրս բացահայտված չէ: