ՔՐԴԱԿԱՆ ԽԱՂԱԹՈՒՂԹԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Թուրքիայում շարունակվում է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը:
 
Առաջիկայում ևս 9 միջնորդություն կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական և արդարադատության համատեղ հանձնաժողովին, որպեսզի միանվագ 8 HDP-ական զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: Նախապես նման միջնորդություն ներկայացվել էր Թուրքիայի խորհրդարան՝ HDP-ի հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ:
 
Սա նշանակում է, որ ԺԴԿ-ի գրեթե ամբողջ խորհրդարանական խմբակցության դեմ խորհրդարանից արտաքսման վճիռ է նախապատրաստվում:
 
Այս առաջադրանքը, որ Անկարան փուլ առ փուլ ջանում է կիրառել, իբրև մտահոգության առանցք ունի իհարկե քրդական քաղաքական գործոնի չեզոքացումը: Եթե զինվորական գետնի վրա չեզոքացման գործողություններ են կատարվում սիրիական, իրաքյան և թուրքական տարածքների վրա, ապա խորհրդարանում կատարվածը քրդական իրավաքաղաքական ազդակի վերացման համազոր միջնորդություն է:
 
Անկարայի համար քրդական մղձավանջը շարունակում է մնալ առաջնահերթ օրակարգ: Սակայն խորհրդարանն ապաքրդականացնելը կտրուկ միջամտություններով չի կատարվում: Այլապես, այսօր էրդողանական մենիշխանությունը կարող էր արագորեն  հաջողացնել  առաջադրանքը:
 
Հաշվի  են առնվում բնականաբար եվրոպական արձագանքները, որովհետև կուսակցությունը ժողովրդավարական անվանումը ունի, նման քայլի դիմելու դեպքում ուղղակի հակաժողովրդավար բնութագրումը և թուրքական հայեցակետից՝ հավանական շահարկումը արտաքին քաղաքական կենտրոնների կողմից: Կամ, որքան էլ որ հայտարարողական մակարդակի վրա լարված պարանաձգությունների շրջանակում հնչեն իրար մեղադրող տեսակետներ, այսուհանդերձ՝ կամուրջները Եվրոպայի հետ կանգուն պահելու երկկողմանի մոտեցումները:
 
Միջնորդությունը կարող է չբավարարվել որոշ ժամանակ, և հարցը շարունակի դամոկլյան սրի կարգավիճակով ճոճվե՝ իբրև քաղաքական սպառնալիք այս կուսակցության պետական գործիչների դեմ:
 
Ազգայնականների, իսլամականների ընտրաքաղաքական դաշինքը այսօր Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր հատվածի ըստ էության կայացման որևէ իրական հիմք չի թողել։ Հանրապետականների երկրորդ կարգ մղվելն ու ԺԴԿ-ի ցածր համեմատություն ապահովելը միակուսակացականության և այդ դաշտում ավելի ճիշտ մենիշխանության են թողել ամբողջ երկրի կառավարումը: Դասական իմաստով ազգայնական զինվորականությամբ հատկանշված խորքային պետությունն ու էրդողականությունը այսօր նույնացրել են իրենց գաղափարախոսությամբ և քաղաքական առաջադրանքներով:
 
Սակայն, կտրուկ քայլերի չդիմելու և քրդամետ կուսակցության անդամներին խոհրդարանից անմիջապես չարտաքսելու (որի հաջորդ քայլը քրեական պատասխանատվության ենթարկելն է) հաշվարկը որոշ չափով համընթաց է զինվորական գետնի վրա արձանագրված թուրքական ուշացող ներխուժմանը սիրիական տարածքներ: Ներխուժում  է հայտարարվում, թուրքական պաշտոնական լրահոսը ժամերի հարց է նկատում թուրքական զորքերի հայտնվելը Սիրիա, մինչդեռ հայտարարվածի փոխարեն թուրքական ջոկատների մասնակցությամբ համաձայնեցված սահմանափակ գործողություններ են տեղի ունենում այդ տարածքների վրա: 
 
Քաղաքական իմաստով սպառնական միջնորդություններ, քննարկումների հետաձգումներ, երբեմն առկախումներ: Փաստը այն է, որ ցարդ խորհրդարանի օրակարգ չի եկել պատգամավորական անձեռնմխելիությունը:
 
Զինվորական անկաշկանդ առաջխաղացման կասեցման և ուղղակիորեն քրդերին չհարվածելու կարմիր լույսերը վառվել էին Վաշինգտոնի կողմից: Որից հետո էր սկսել հետաձգվել և առկախվել Անկարայի առաջադրած անվտանգության գոտու ստեղծումը և այդ գոտու հարթեցման համար տարածքների ամբողջական քրդազերծման զինվորական ծրագիրը:
Հիմա թվում է, որ պիտի ձգձգվի նաև խորհրդարանի քրդազերծման այս առաջադրանքի կիրառումը՝ հերթական խաղաթղթի վերածելով քրդական գործոնը, որոշ պայմաններում զինվորական առումով, այլ պայմանների՝ քաղաքական:
 
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր