Սաֆարովը արտահանձնվել է որպես ոչխար

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՖԱԲՐԻԿԱՆ»

«Գարդիանի» լրագրողական հետաքննության հրապարակումից շատ ժամանակ չի անցել, և աշխարհն արդեն խոսում է ցնցող բացահայտումների մասին: 
 
Առաջին հերթին նշվում է, որ կացնահարող Սաֆարովին Հունգարիան ոչ թե արտահանձնել է Ադրբեջանին, այլ որպես մի ոչխար՝ ուղղակի վաճառել: Ճիշտ է, այս մի ոչխարը Ադրբեջանի վրա ամբողջ 7 մլն դոլար է նստել, սակայն ապրանքը մնում է ապրանք:
 
Չորեքշաբթի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան՝ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն խուսափել է այդ աղմկահարույց պատմության մասին բացահայտ խոսել.
 
- Ես հերքում եմ ցանկացած ենթադրություն և ակնարկ Հունգարիայի արտաքին քաղաքական որոշումների և վերոնշյալ միջազգային հանցավոր գործողությունների միջև կապի մասին: Ես հույս ունեմ, որ շուտով կբացահայտվի ճշմարտությունը, թե ինչ է իրականում տեղի ունեցել,-ասել է մարդասպանին վաճառքի հանած երկրի արտգործնախարարը: 
 
Ադրբեջանական 2,9 մլրդ դոլարի լվացման մեկ այլ բնագավառ էլ Բուլղարիայում է բացվել: Այս երկրի դատախազությունը սկսել է հետաքննել «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի նախագահ Իրինա Բոկովայի ամուսնու՝ Կալին Միտրևի մասնակցությունը «ադրբեջանական լվացքատան» գործերին:
 
Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, թե ծանրակշիռ կասկածներ կան, որ Ադրբեջանի իշխանությունների հետ կոռուպցիոն գործընթացներին Միտրևի մասնակցությունը ազդեցություն է ունեցել նրա կնոջ մասնագիտական գործունեության վրա. առանձին դեպքերում չարաշահելով պաշտոնական դիրքը՝  Բոկովան ծավալել է ադրբեջանամետ գործունեություն: Իսկ մենք չենք կարող հաշվի չառնել, որ կաշառակեր այս տիկինը հենց մեր մշակութային արժեքներն է անմշակույթ թրքազգիներին վաճառել: 
 
Ուշագրավ փաստ. ավելի վաղ Բուլղարիայի փոխվարչապետ Տոմիսլավ Դոնչևը հայտարարել էր, թե Ադրբեջանի փողեր լվանալու գործը «շատ նուրբ է, քանի որ Բուլղարիայի հեղինակությանն է վերաբերում»։ Եթե սրան հավելենք նաև ահաբեկիչներին դիվանագիտական ավիաչվերթների միջոցով զենք մատակարարելու փաստը բացահայտած բուլղարուհի լրագրողի դեմ նույն Բուլղարիայի ճնշումները, ապա այդ երկրի դատախազության այս քայլը իսկական հեղաշրջում կարելի է համարել: 
 
Եվս մի բացահայտում էլ արել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, թե սա անտեսվել է և «Գարդիանի» կամ այլ պարբերականի էջերում չի հրապարակվել: Պարզվում է՝ Ադրբեջանի իշխանությունները փողեր են լվացել նաև «Հարավային գազային միջանցքի» կառուցման վրա, որով նախատեսված է Եվրոպա հասցնել ադրբեջանական գազը: Գազային այդ միջանցքի ընդհանուր ծախսերը կազմում են 45 մլրդ դոլար: 
 
Կարելի է ասել՝ այս կերպ Եվրոպան ճանաչում է Ադրբեջանը՝ հանձին նրա տեսնելով իր իրական դեմքը: Մնում է միայն հուսալ, որ այդ դեմքը փրկելու համար իրական քայլեր կանեն՝ Ադրբեջանի կաշառատու հաղթարշավը կասեցնելու և նրա ձեռքից կերակրվող պաշտոնյաներին պատժելու ուղղությամբ: