Ի՞նչ է որոտում Արեգակը

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արևի վրա չորրորդ պայթյունն է տեղի ունեցել: Ընդ որում, այս պայթյունները արևի ակտիվության 12-ամյա սովորական փուլից դուրս են:  Ամենավերջինը, ՌԴ Գիտությունների ակադեմիայի  ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կայքի տվյալների համաձայն, տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 10-ին (Երևանի ժամանակով` 20:00-ին):

Սեպտեմբերի 4-ից սկսված պայթյունները բարձրակետին են հասել սեպտեմբերի 6-ին: Ինչ գիտնականներն սկսել են դիտարկել մեր լուսատուի մակերևույթին երևացող բռնկումները, այս մեկը նկատված ամենաուժեղ 5 պայթյունների թվում է: Այնուհետև հզոր պայթյուն է նկատվել հաջորդ օրը, և սա նույնպես դասվել է ակտիվության բարձրագույն X աստիճանի պայթյունների թվին: Բռնկում է եղել նաև սեպտեմբերի 8-ին:

Արեգակի ակտիվության այս բոլոր երևույթների հետևանքով բաց տիեզերք է արտանետվել հզոր էներգիա, որի մի մասը Երկիր է հասել: Բնականաբար, սրանք մեր մոլորակի համար աննկատ չեն անցել: Օրինակ լրատվամիջոցները արձանագրել են, որ աշխարհի առանձին վայրերում կապի խափանումներ և այլ երևույթներ են նկատվել: Նաև նշվում է, որ որոշ հետևանքներ ավելի ուշ ի հայտ կգան:

Ամենամռայլ կանխատեսումը թերևս այն է, որ այդ բռնկումների պատճառով առաջիկա 10 տարում Երկիրն ու Վեներան կարող են առավելագույնս իրար մոտենալ, քանի որ որոշ մոլորակների ձգողականության դաշտը կարող է թուլանալ (գրել է «ՀոթԳեո» պարբերականը):

Այստեղ ավելորդ չէ հիշել գիտնականների այն վարկածը,  թե Մարս մոլորակը միլիոնավոր տարիներ առաջ զրկվել է ձգողականությունից, ինչի հետևանքով էլ կյանքն այնտեղ վերացել է:

Հրապարակման մեջ նշվել է, թե դրա հետևանքով մոլորակի վրա քաոս կսկսվի, մարդիկ կզոհվեն:  Արևի այս բարձր ակտիվության պատճառով կարող է շարքից դուրս գալ նաև Երկիր մոլորակի վրա գտնվող տեխնիկան: Ներկայումս մեր համակարգության երկրորդ մոլորակ Վեներան Երկրին առավելագույն չափով մոտենում է 584 օրը մեկ, իսկ այժմ հնարավոր է, որ այդ ժամանակահատվածը կրճատվի մինչև 300 օր: Հետևանքներից մեկն էլ կարող է այն լինել, որ Վեներան կսկսի Արեգակի շուրջն ավելի արագ պտտվել: Իսկ եթե այս երկու մոլորակներն իրոք մոտենան, Երկրի կիսագնդերից մեկում անընդհատ գիշեր կլինի, եղանակային պայմաններն ամենուր կփոխվեն:

Այն, որ գիտնականները երբեմն մարդկանց մոլորակի համար շատ ծանր ապագա են կանխագուշակում, դեռ չի նշանակում, թե դրանք բոլորը կարող են իրականանալ: Դրանք մեծ մասամբ մնում են չարագուշակ առասպելների շարքում: Բայց գուցե մեր աստղի այս չնախատեսված բռնկումներն այլ նշանակություն ունեն: Երևում է` բնությունն այս կերպ փորձում է մարդկանց դաս տալ. եթե չես կարողանում քեզ տրամադրված նպաստավոր պայմաններում մարդավայել ապրել, այլ ագահաբար ու անխոհեմ կերպով ամեն ինչ ոչնչացնում ես, ուրեմն փորձիր գոյատևել իմ թելադրած պայմաններում: