Իսկ դո՞ւք ում թույլտվությամբ եք Գոլանի բարձունքներ այցելում

ԼԱՊՇԻՆԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՍԼԱՔԸ ՆԱԵՎ ԻՐ ԱԶԳԱԿԻՑ ՀՐԵԱՆԵՐԻՆ Է ՈՒՂՂՎԱԾ

Ադրբեջանը միշտ վստահ է մարդուն ահաբեկելու և իր օգտին հայտարարություններ անել հարկադրելու սեփական հզորության մեջ: Սակայն երևում է՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինին ազատ արձակելիս նրան լռեցնելու ադրբեջանավարի քայլեր չի կարողացել ձեռնարկել: 
 
Օրինակ կարող էր, չէ՞, երակների մեջ նավթ ներարկել, ինչպես վարվել է որոշ հայ գերիների հետ: Բայց հավանաբար վախեցել է, և Լապշինը սթափ գիտակցությամբ Իսրայել է հասել ու սկզբունքայնությանը հավատարիմ՝ սկսել է խոսել: Այս անգամ, սակայն, նրա քննադատության սլաքը նաև իր ազգակից հրեաներին է ուղղված:
 
Առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության Արցախ այցելելու մեղադրանքով Ադրբեջանին արտահանձնված Լապշինը պատասխանել է իսրայելցի մի խումբ հասարակական գործիչների ու որոշ դիվանագետների քննադատությանը, որը նրանցից մեկն այսպես է ձևակերպել.
 
- Մեկ բլոգերի պատճառով չի կարելի հարցականի տակ դնել Ադրբեջանի հետ ունեցած մեր հրաշալի հարաբերությունները։
 
Ադրբեջանի նկատմամբ պակաս հոգատարությամբ չի արտահայտվել Մինսկում Իսրայելի նախկին դեսպան Յոսեֆ Շագալը: Էլ ինչպե՞ս կարող էր արդարացնել Իսրայելի քաղաքացուն ըստ էության վաճառքի հանած Մինսկի արարքը նախկին դեսպանը, եթե ոչ հետևյալ խոսքերով. 
 
- Այցելելով Ղարաբաղ՝ խախտել ես Ադրբեջանի օրենքները: Դե ուրեմն ադրբեջանական բանտում էլ նստիր:
 
Շագալից շնորհակալություն հայտնելով, որ նպաստել է իր ազատարձակման գործին՝ Լապշինը, այդուհանդերձ, նրան և մյուս քննադատողներին քաղաքական դաս է տալիս.
 
- …Իսրայելն ինքը, լինելով «օկուպացնող» պետություն, դժվար կարողանա նմանատիպ երկակի բարոյականություն թույլ տալ։ Ինձ քննադատողները տեղյա՞կ են արդյոք այն փաստից, որ Սիրիայից 1967թ. զավթած Գոլանի բարձունքներ այցելելը Սիրիայի օկուպացված տարածքների մասին օրենքի խախտում է։ Սիրիացիները օրինական իրավունք ու ռեսուրս ունեն Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարելու ցանկացած մեկին, ով այցելել է Գոլանի բարձունքներ, ներառյալ՝ նախկին դեսպաններին։ Մանավանդ՝ Ադրբեջանը ցույց տվեց, որ ոչ մի վատ բան չի լինի՝ լրագրողները կաղմկեն ու կմոռանան։
 
Այսպիսով, Լապշինին մեղադրողներից բոլոր նրանք, ովքեր Գոլանի բարձունքներում գոնե մեկ անգամ եղել են (բնականաբար՝ առանց Սիրիայի թույլտվության), պարտավոր են Ասադին գերի հանձնվել, կամ Ադրբեջանին դատապարտելով՝ Լապշինից ներողություն խնդրել: Եթե իհարկե, նրանց առաջնորդողը նույն երկակի բարոյականությունը չէ, որն էլ արդի աշխարհը կործանող գլխավոր գործիքներից է:
 
Թերևս չպետք է զարմանալ, որ աշխարհի քարտեզի վրա միայն 20-րդ դարում հայտնված այս երկու պետությունները՝ Ադրբեջանն ու Իսրայելը, իրար այսպես ամուր են կառչել ու ամեն ինչում իրար աջակցում են: (Շատերը կարող են առարկել, թե հրեաները հազարամյակներ առաջ պետություն են ունեցել, սակայն դրա անհերքելի ապացույցներ կարծես թե չեն հայտնաբերվել): 
 
Հայերս շատ անգամներ ենք որպես պետության կայացման նմուշ՝ Իսրայելի օրինակը բերում և դա հակադրում պետականաշինության մեր այսօրվա անբավարար վիճակին: Ու նաև պատճառաբանում ենք, թե քանի որ մենք մի քանի հարյուրամյակ զուրկ ենք եղել պետությունից՝ կորցրել ենք պետական մտածողության տեր ազգի հատկանիշները: Մենք, որ աշխարհի առաջին պետություններից մեկն ենք ստեղծել և աշխարհակալ Տիգրան Մեծ ունեցել: Իսկ գուցե մեր վերլուծությունները սխալ հիմքի վրա ենք կառուցո՞ւմ: Նույն  Իսրայելի օրինակը աչքներիս առջև է՝ հազարամյակներ շարունակ աշխարհով մեկ թափառելուց հետո հրեաները հզոր պետության տեր են դարձել ու դեռ մեր ոսոխներին էլ հովանավորում են: 
 
Այս օրերին աշխարհի բոլոր ծագերից Երևան ժամանած սփյուռքահայերի հետ պետականաշինության մեր թերացումների իրական պատճառները վեր հանելու ժամանակը չէ՞: