Իրանն ու Թուրքիան` հանուն տարածաշրջանի ապահովության

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԹՈՒՐՔԻԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ

Որ մեր տարածաշրջանում Թուրքիայի և Իրանի դերակատարությունը որոշիչ է` անկասկած է: Անկասկած է նաև այն, որ այս երկու մահմեդական երկրները համակրանք չեն տածում միմյանց հանդեպ: Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, սակայն, կարծես այլընտրանք չեն թողել. այժմ նրանք հայտնվել են միևնույն նավում և պետք է փորձեն համատեղ հաղթահարել սպառնացող փոթորիկները:                                                                 

Երեկ` հոկտեմբերի 4-ին, Թուրքիայի նախագահ Էրդողանը ժամանել է Թեհրան` մասնակցելու թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին:  Թուրքական «Haberler»-ը տեղեկացրել է, որ նախատեսված են Էրդողանի հանդիպումները ԻԻՀ նախագահ Ռոհանիի և կրոնական առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեիի հետ, որպեսզի քննարկվեն քրդերի հանրաքվեն և դրա հետևանքները, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակն ու սիրիական ճգնաժամի կարգավորման նպատակով ձեռնարկվող քայլերը: Երկու երկրների նախագահները խոսելու են նաև իրենց պետությունների միջև առևտրաշրջանառությունը 30 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու ծրագրերի մասին:

Այցի հենց առաջին օրը Իրանն ու Թուրքիան 4 համաձայնագիր են ստորագրել` տարբեր ոլորտներում համագործակցելու մասին: Ըստ «Թասնիմ» պարբերականի հրապարակման` դրանցից երկուսը մաքսային և բանկային ոլորտում համագործակցության մասին է, մյուսները վերաբերում են երկու երկրների ազգային հեռուստառադիոընկերություններին, ապա նաև Իրանի ազգային գրադարանին ու Թուրքիայի վարչապետի արխիվներին։

Ուշագրավ հայտարարություն է արել Իրանի պաշտպանության նախարարը: Էրդողանի ժամանումից մեկ օր առաջ իր թուրք պաշտոնակցի ներկայությամբ նա հայտարարել է, թե Թուրքիան ու Իրանը երբևէ թույլ չեն տա, որ «սիոնիստական վարչախումբը» տարածաշրջանում կյանքի կոչի իր նոր սցենարը (հաղորդել է իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը): Իրանի ՊՆ ղեկավարն ասել է, թե ԱՄՆ-ը և Իսրայելը տեսնելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դերակատարմամբ իրենց սցենարը հաջողություն չունեցավ` ցանկանում են տարածաշրջանն այլ կերպ պառակտել (նկատի ունի քրդերի անկախացման շարժումը).

- Մինչդեռ Իրանն ու Թուրքիան` լինելով տարածաշրջանի խոշոր երկրներն ու կարևոր դերակատարները, դա երբևէ թույլ չեն տա,-շեշտել է Իրանի զինուժի պատասխանատուն:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իրաքի Քրդստանի ղեկավարներին կոչ է արել` ուղղել կատարած սխալները` ընդգծելով, որ Իրաքի Քրդստանը Իրանի համար լավ ընկեր ու բարեկամ է, և Թեհրանը մտադիր չէ քուրդ ժողովրդի նկատմամբ ճնշում գործադրել:

Ըստ Ռոհանիի, տարածաշրջանի քաղաքական սահմանների փոփոխությունը կանխելու համար Իրանը, Թուրքիան և Իրաքը պարտավոր են լուրջ քայլեր ձեռնարկել, և որ Իրանն ու Թուրքիան դեմ են տարածաշրջանում տեղ գտած «անջատողական շարժումներին»:

Նկատենք, որ Իրանի նախագահն այդ պահին խոսելիս է եղել Իրանի և Թուրքիայի մասին, սակայն ակնհայտ է, որ նրա նշած անջատողական շարժմանը առաջին հերթին Իրաքն է դեմ: 

Տարածաշրջանում նոր արյունահեղությունները կանխելու համար այնտեղ ներկա պետությունների համագործակցությունը, իհարկե, շատ կարևոր է: Ու կարևոր է նաև, որ համագործակցող կողմերը վստահելի լինեն: Որքանո՞վ է տվյալ պարագայում Թուրքիան վստահելի: ԱՄՆ-ի և Իսրայելի հետ նրա գաղտնի ու բացահայտ «սիրախաղերը», ահաբեկչական խմբավորումների հետ կասկածելի կապերը վստահության տեղ կարծես թե չեն թողնում: Բայց սպառնալիքը, որը քրդերից է գալիս, գուցե հարկադրի, որ իր սովորության համաձայն «խաղի» կանոնները չխախտի: