Ադրբեջանը հատուկ տեղ ունի Հակակոռուպցիոն կենտրոնի հայտարությունում

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը Եվրոպայի խորհրդին ուղղված հայտարարություն է հրապարակել՝ կոչ անելով եղած մեղադրանքներին անդրադառնալ առանց հապաղելու: Կոռուպցիայի դեմ կոշտ պայքարը հատկապես կարևոր է համարվում վերջին աղմկահարույց դեպքերից և ԵԽԽՎ նախագահի հրաժարականից հետո, որպեսզի հնարավոր լինի վերականգնել տվյալ կառույցի հեղինակությունը:
Հայտարարության մեջ հատուկ նշված է.
 
- Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության պահպանման և ամրապնդման մանդատ ունի: Սեպտեմբերի 4-ին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի ու դրա գործընկերների բացահայտումները ցույց տվեցին, որ ԵԽԽՎ ներկա և նախկին պատգամավորներ գումարներ են ստացել՝ վեհաժողովում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար:
 
Կոռուպցիոն կենտրոնի տնօրեն Պատրիսիա Մորեյրան ընդգծել է, որ ԵԽԽՎ նախագահը պետք է իրավախախտումների դեմ արագ քայլեր ձեռնարկի: Նա շեշտել է, որ 2012թ., երբ  այդ մասին առաջին անգամ խոսք եղավ, նման քայլերը ձգձգվեցին: 
 
- ԵԽԽՎ ներկա և նախկին պատգամավորների՝ Ադրբեջանից կասկածելի ֆինանսական օգուտներ ստանալու մասին բացահայտումները պետք է հետաքննության ենթարկվեն նրանց ազգային իշխանությունների կողմից: Այդ բացահայտումներում պատգամավորներ են ներգրավված Բելգիայից, Գերմանիայից, Իտալիայից, Սլովենիայից, իսկ փողերի լվացման վերաբերյալ բացահայտումներում ներգրավված են Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Հունգարիան, Ռուսաստանը, Շվեյցարիան և Միացյալ Թագավորությունը: Եվրոպայի խորհրդի որոշմանը սպասելու փոխարեն այդ երկրները պետք է սեփական ջանքերը գործադրեն կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու ուղղությամբ՝ սերտ համագործակցելով նաև Եվրոպայի խորհրդի հետ: Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պետք է այնպես անեն, որ հետաքննող մարմինների տրամադրության տակ դրվեն անհրաժեշտ ողջ տեղեկատվությունն ու փաստաթղթերը, ինչպես նաև՝ նրանք իրավասություն ունենան ստուգումներ անցկացնել,- ասել է Պատրիսիա Մորեյրան:
 
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ»-ը նաև տեսակետ է հայտնել, թե Եվրոպայի խորհուրդը և նրա անդամ երկրները պետք է ընդունեն այնպիսի ընթացակարգեր, որոնք թույլ կտան հեռացնել այն անդամին, ով կխախտի օրենքները և կաշառք կվերցնի: Հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենը թերևս մոռացել է նշել նաև կաշառք տվողների մասին: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ադրբեջանից հայտարարություն էր հնչել, թե Եվրոպայի խորհրդից դուրս գալը իրենց համար բոլորովին էլ կորուստ չէ: 
 
Սա միայն մեկ բան կարող է նշանակել. ի՞նչ ունի անելու Ադրբեջանը մի կառույցում, որտեղ հնարավորություն չեն թողնում պաշտոնյաներին կաշառել, որպեսզի նրանք  հօգուտ այդ կաշառատուի անցկացնեն ցանկացած ապամարդկային և հակաօրինական որոշումը: Նման հարթակները Ադրբեջանին հարկավոր են միայն դրա համար: Չկա այդպիսի հնարավորություն, չկա նաև նման կառույցին ադամակցելու ցանկություն: