Քրդերը պետք է էլի սպասեն

«ՍԱՌԵՑՆԵԼ ԻՐԱՔԻ ՔՐԴՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր երկրի մեծագույն համակրանքն է հայտնել քրդերի ձգտումների վերաբերյալ ու նշել, թե աշխարհը պետք է մտածի նրանց բարօրության մասին: Թե ինչու է աշխարհը պարտավոր քրդերի բարօրության մասին մտածել, իսկ մարդկային քաղաքակրթությանն առավել մեծ ծառայություններ մատուցած բազմաթիվ այլ ազգերի ու  ժողովուրդների մասին՝ ոչ, նա բնականաբար չի անդրադարձել:
 
Նեթանյահուն իր համակրանքն արտահայտել է Իսրայելի զբոսաշրջության զոհված նախարար Ռեհավամ Զեևիի հիշատակի կապակցությամբ՝ նշելով, թե դեռևս 1960-ականներին նա հատուկ առաքելությամբ Իրաքի Քրդստանում է եղել, և այդ այցն իր վրա մեծ տպավորություն է թողել:
 
- Նա քրդերի հանդեպ մեծ ջերմություն է զգացել, և այսօր ամբողջ Իսրայելը մեծ համակրանք է տածում քրդերի ձգտումների նկատմամբ,- ասել է Նեթանյահուն:
 
Իհարկե, տարածաշրջանում Իսրայելի նման ռազմականացված երկրի համակրանքը վայելելը քրդերի պետականաստեղծ ձգտումներին կարող է մեծ ազդակներ հաղորդել, սակայն այս պահի իրավիճակը Իրաքի Քրդստանի ղեկավարությանը հարկադրում է զիջուների դիմել: Այնտեղ պատրաստ են սառեցնել մեկ ամիս առաջ անցկացված հանրաքվեի արդյունքները:  
 
Որպեսզի հոկտեմբերի 16-ից սկիզբ առած մարտական գործողությունները շարունակելով՝ առավել ծանր իրավիճակ չստեղծվի, և հնարավոր լինի խուսափել ապագա չընդհատվող արյունահեղությունից, քրդական ինքնավարության ղեկավարությունը Իրաքի կառավարությանն առաջարկել է դադարեցնել կրակը՝ դրա դիմաց պատրաստակամություն հայտնելով սառեցնել հանրաքվեի արդյունքները: 
 
Առաջարկի տեքստը հրապարակվել է ինքնավար շրջանի կայքում. 
 
«Քրդստանի և Իրաքի ժողովրդի նկատմամբ մեր պարտավորությունները կատարելու համար Իրաքի կառավարությանը, Իրաքի և միջազգային հանրային կարծիքին առաջարկում ենք հետևյալը.
 
1) անհապաղ դադարեցնել կրակը և բոլոր ռազմական գործողությունները Քրդստանում,
 
2) սառեցնել Իրաքի Քրդստանում անցկացված հանրաքվեի արդյունքները,
 
3) Քրդստանի շրջանային կառավարության և Իրաքի դաշնային կառավարության միջև սկսել Սահմանադրության վրա հիմնված բաց երկխոսություն:
 
Պաշտոնական Էրբիլում համոզված են, որ հակառակ դեպքում կողմերից ոչ մեկը հաղթանակի չի հասնի, և ամբողջ Իրաքը կներքաշվի «անկարգության ու քաոսի մեջ»: 
 
Ուշագրավ է, որ այստեղ խոսք չկա Քիրքուքի վիճելի տարածքի մասին: Հիշենցնենք, որ քրդական իշխանություններն այնտեղ հանրաքվե են անցկացրել, բայց մի քանի օր առաջ Իրաքի կառավարությունը զենքի ուժով այնտեղ իր վերահսկողությունը հաստատեց: