Ի «նպաստ» Բաքվի սև ցուցակի

Ադրբեջանական սև ցուցակի համալրման մասին haqqin.az-ի հաջորդ հաղորդումը հավանաբար նվիրված կլինի մեքսիկացի խորհրդարանականներին:
 
Մեքսիկայից Արցախի Հանրապետություն ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն արդեն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհել արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին:
 
Մեքսիկայի Միացյալ Նահանգների պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության անդամները պաշտոնական հանդիպումների ժամանակ հայտնել են կարծքիներ, որոնք ինքնին գովեստ են Արցախին: Օրինակ՝ որ իրենք մեծ տարբերություն են տեսնում իրական և մինչ այդ իրենց պատկերացրած Արցախի միջև: Իսկ թե ինչպիսին է այդ տարբերությունը, շատ լավ բնորոշում է նրանցից մեկի հայտնած ցանկությունը՝ վերստին Արցախ գալ ընտանիքի հետ՝ որպես հիանալի հանգստավայր: 
 
Բաքվի սև ցուցակի համար շատ խոստումնալի է Բլանկա Դոմինգեսի խոսքը.
 
- Մեր այցը շատ լավ նախադեպ է մեքսիկացի պաշտոնյաների հետագա այցերի համար, և մենք համագործակցելու ենք Ձեզ հետ, քանի որ կարծում ենք, որ ազատությունն ու մարդու իրավունքները ամեն ինչից վեր են:
 
Չլիներ հայոց Արցախը, Ադրբեջանի սև ցուցակը ողբալի վիճակում կհայտնվեր: Բայց Արցախ այցելող օտարերկրացիները հոգում են, որ այն անընդհատ նորանոր անուններով համալրվի: Ահա և այդ ցուցակի հերթական թեկնածուն է դարձել Սի-Էն-Էն-ի հաղորդավարը:
 
Աշխարհահռչակ հեռուստաընկերության հաղորդավար, շեֆ-խոհարար Էնթընի Բուրդենը, հաշվի չառնելով պաշտոնական Բաքվի կարծիքը, Արցախ է ժամանել՝ ռեպորտաժ պատրաստելու «Էնթընի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հաղորդաշարի համար: Ադրբեջանական haqqin.az-ն էլ շտապել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևի բերանով տեղեկացնել, որ նրա անունը տեղ կգտնի հայտնի սև ցուցակում:
 
Բուրդենի համար սա ավետի՞ս է, թե՞ գույժ: Անշուշտ, նա Արցախ է այցելել Բաքվի գործելակերպին տեղյակ լինելով, ուրեմն՝ այն արհամարհելով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե Ադրբեջանն ինչպես է կաշառում տարբեր լրատվամիջոցների, որպեսզի իր մասին դրական կարծիք ստեղծող հրապարակումներ պարտադրի: Սի-Էն-Էն-ը, հաստատ, դրանց թվում է: Ու հիմա հանկարծ՝ այսպիսի «դավաճանություն»:
 
Հայտնի ասացվածքն ազդարարում է՝ շունը հաչում է, իսկ քարավանն իր ճանապարհն է շարունակում: Արցախ այցելողների քարավանները դեռ նոր են իրենց երթն սկսել: Նրանց այնտեղ են բերում բաներ, որոնք Ադրբեջանում գտնել հնարավոր չէ, որքան էլ իրենց քծնեն, նավթով ու խավիարով ողողեն: