Միջուկային զենքի սահմանափակո՞ւմ, թե նոր մրցավազքի մեկնակետ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը` անհատական հանդիպում ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում (տեղեկացրել է Fars գործակալության վերլուծաբան Մահդի Ֆազաելին):
   

Միջուկային հայտնի համաձայնագրով Իրանի ստանձնած պարտավորությունների կատարման մասին Թեհրանում խոսել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ համատեղ մամուլի ասուլիսին Ամանոն շեշտել է, որ իր ղեկավարած գործակալությունը Իրանի ստանձնած պարտավորությունները դիտարկում է` սկսած 2016թ. հունվարից և հայտարարում է, որ Իրանը ամբողջությամբ կատարում է ստանձնած պարտավորություններն:

- Փոխնախագահ Սալեհիի հետ այսօրվա հանդիպմանը ես ընդգծեցի բոլոր կողմերի պարտավորությունների ամբողջական կատարման կարևորությունը,- հավելել է նա` միաժամանակ հրաժարվելով մեկնաբանել համաձայնագրից դուրս գալու` ԱՄՆ նախագահի սպառնալիքները:

Սալեհին էլ նշել է, որ Վաշինգտոնի սպառնալիքների առկայությամբ Ամանոյի այցն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ԱԷՄԳ-ը «մեծ ճնշման ներքո է` ԱՄՆ նախագահի վերջին մեկնաբանոթյունների պատճառով»:

- Մենք ԱԷՄԳ-ին կոչ ենք արել դիտարկումը շարունակել Գործակալության կանոնադրության համաձայն` անկողմնակալ և անկախ,-մեկնաբանել է Սալեհին:

Իրանը, սակայն, բնավ մտադիր չէ իր պաշտպանունակության թուլացման հաշվին կուլ գնալ ԱՄՆ-ի պահանջներին: Այս օրերին, երբ վերստին սրվել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, թե իրենք հրթիռներ կստեղծեն` ելնելով երկրի անվտանգության նկատառումներից: Երբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նոր պատժամիջոցների մասին հայտնի դարձավ, Իրնի նախագահն իր հեռուստաելույթում նշեց.

- Հրթիռներ մենք ստեղծել ենք, ստեղծում ենք ու ստեղծելու ենք, և դա որևէ միջազգային համաձայնագրի խախտում չէ: Մենք կարտադրենք ցանկացած տեսակի զենք, որի կարիքը կունենանք: Մենք այդ զենքերը կհավաքենք ու կկիրառենք ցանկացած պահի, երբ հարկ կլինի մեզ պաշտպանել,-հայտարարել է Ռոհանին:

Պարզվում է` Թրամփի վարչակազմը մտադիր է միջուկային զենքի ոլորտում վարել նոր քաղաքականություն` նպատակ ունենալով վերջ տալ հետսառըպատերազմյան զինաթափման դարաշրջանին և այն ամենին, ինչը թուլացնում է ԱՄՆ-ի միջուկային զինանոցի հզորացումն ու այն կիրառելու հնարավորություն տվող պայմանները:

«Միջուկային դրության վերանայման» մասին փաստաթուղթը, որով առաջարկվում է  ԱՄՆ զինանոց վերադարձնել «Տոմահավկ» տեսակի միջուկային հրթիռները, ներկայացվել է դեռևս սեպտեմբերին, երբ  Սպիտակ տանը հանդիպում է տեղի ունեցել Թրամփի ու ազգային անվտանգության հարցերով խորհրդականների միջև: Փաստաթղթի մասին տեղյակ են պահվել նաև Կոնգրեսն ու դաշնակից պետություններ:

ԱՄՆ-ում, հանձին փոխնախագահ Մայք Փենսի, խորապես համոզված են, թե համաշխարհային խաղաղության ապահովման համար վճռորոշ դեր է խաղում ԱՄՆ-ի միջուկային զինանոցը: Ըստ Փենսի` պատմությունն ապացուցել է, որ աշխարհում դեպի խաղաղություն տանող ճանապարհը կախված է Ամերիկայի հզորությունից: Իսկ  Ամերիկայի հզորության գլխավոր բաղադրիչը, «դեպի համաշխարհային խաղաղություն տանող գլխավոր ուժը», ինչ խոսք, Միացյալ Նահանգների միջուկային զինանոցն է:

Մինչդեռ միջուկային ոլորտի վերլուծաբանների կանխատեսումները բնավ լավատեսական չեն. նրանք  մտածում են, թե սա կարող է սկիզբ դնել միջուկային սպառազինման նոր մրցավազքի: