Ինքնավարության հանրաքվե. այս անգամ՝ Ֆրանսիայում

Ամենաուշը մեկ տարի անց պետք է ինքնավարության հանրաքվե անցկացվի ֆրանսիական Նոր Կալեդոնիայում: Դրա շուրջը համաձայնության գալու ծանր բեռը բաժին է հասել ներկայիս նախագահ Մակրոնին, որի նկատմամբ երկրի քաղաքացիների վստահությունը իջել-հասել է 38%-ի: Կատալոնիայի տխուր օրինակն էլ ցույց է տալիս, թե ինչ դժվարությամբ են արդի պետությունները ինքնուրույնություն տալիս որևէ տարածքի, անգամ՝ եթե այն իրենից օվկիանոսներով է բաժանված:
 
Ճիշտ է, գաղութատիրությունն իր դասական դրդևորմամբ կարծես անցյալի գիրկն է անցել, սակայն դրա հետքերն առայժմ սփռված են մնում մոլորակով մեկ: 1853թ. Ֆրանսիան իրենը հայտարարեց Ավստրալիայից հարավ ընկած Նոր Կալեդոնիան, որը 1988թ. ինքնավար դառնալու հայտ ներկայացրեց:  
 
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտնել է, որ Նուեմայի համաձայնագրի շուրջ կողմերի միջև սկզբունքային համաձայնություն է կայացել, և ինքնավարության  հանրաքվեն տեղի կունենա 2018թ. նոյեմբերին: BFM հեռուստաալիքի եթերում Ֆրանսիայի վարչապետը շեշտել է.
 
- Մենք ունենք քաղաքական համաձայնություն, և գուցե դրանից ավելի կարևորը՝ մենք ունենք վստահություն:
 
Այդուհանդերձ՝ հանրաքվեի մանրամասները դեռևս հարկավոր կլինի քննարկել: 
Նուեմա կենտրոնով Նոր Կալեդոնիան այժմ Ֆրանսիայի կազմում գտնվող վարչատարածքային միավոր է՝ հատուկ կարգավիճակով, որը ձեռք է բերել 1988թ. Մաթինյոնի համաձայնագրով: Ըստ այդմ՝ այն  պետք է ինքնավարության հանրաքվե անցկացներ 1998թ., սակայն Ֆրանսիայի կառավարությունը կարողացել է Նուեմայի նոր համաձայնագրով դա հետաձգել ևս 20 տարով: 
 
Այժմ արդեն այլևս նահանջելու տեղ չի մնացել, և Ֆրանսիայի կառավարությունը պետք է հաշտվի: Նոր Կալեդոնիայի ինքնավարությունը ենթադրում է աստիճանաբար տեղական վարչակազմի լիիրավ հսկողությանը հանձնել կղզեխմբի կենսագործունեության բոլոր ոլորտները՝ բացառելով պաշտպանությունը, արդարադատությունը, ներքին անվտանգությունը և արտարժույթի թողարկումը:
 
Կատալոնիայում և Քրդստանում հանրաքավեներ անցկացվեցին առանց կենտրոնական իշխանությունների համաձայնությունն ստանալու, և դա ծանր հետևանքներ ունեցավ: Օրինակ, Կատալոնիայի առաջնորդ Պուչդեմոնն այժմ փաստորեն փախստական է դարձել, որին ամեն րոպե կարող են վերադարձնել Մադրիդի տրամադրության տակ, որպեսզի ձերբակալվի: Երբեմնի արդյունաբերական ծաղկուն Կատալոնիայից էլ արդեն 2000-ի չափ գործարան հեռացել է:
 
Ֆրանսիայի վարչապետը խոսել է ամենակարևորի՝ վստահության մասին: Թերևս հենց սա է, որ արդի աշխարհում պակասում է: Թե որքանով է իրոք վստահելի արդեն 30 տարի հանրաքվեն հետաձգող Ֆրանսիայի կառավարությունը՝ ժամանակը ցույց կտա: Որովհետև հեռավոր օվկիանոսում տարածվող կղզեխումբը հաստատապես իրավունք ունի իր վաղեմի գաղութատիրոջից  անկախ լինել: Այստեղ կարևորն այն է, որ աշխարհում ահանգնացող անկախական շարժումները արդարության ու վստահության մթնոլորտում ընթանան, որպեսզի արյունահոսող նոր վերքեր չդառնան, ինչպես եղավ հայոց բնօրրան Արցախը Ադրբեջանի կազմում պահելու թուրք-ադրբեջանական նկրտումների պարագայում: