Տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդելու հույսերով

ԹԵՀՐԱՆԻՑ ՄՈՍԿՎԱ

Տարածաշրջանը, որտեղ Իրանը և Հայաստանը կողք-կողքի ապրում են, թաթախված է տարբեր տեսակի արյունալի հակամարտությունների մեջ, որոնցից ամենաակնառուն, իհարկե, սիրիականն է: Այնպես որ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այս այցը չի կարող Հայաստանի համար աննկատ անցնել: 

Եվրասիայի քարտեզի վրա Հայաստանի Հանրապետության երկու կողմերում հսկայական տարածություններ զբաղեցնող երկու երկրների` Իրանի և ՌԴ նախագահները հանդիպել են Մոսկվայում: Իհարկե, Ռուսաստանի համեմատությամբ Իրանը գուցե թե տասնապատիկ փոքր տարածք է զբաղեցնում, սակայն մերձավորարևելյան տարածաշրջանի խոշորագույն երկրներից է և իր նկատմամբ պատժամիջոցների վերացման համապատկերին սկսել է քաղաքական ավելի մեծ կշիռ ձեռք բերել:

Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մարտի 28-ի մոսկովյան այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությունը կարևոր ներդրում է համարել: Խոսքը Աստանայում զինված ապստամբների ներկայացուցիչների և Սիրիայի կառավարության միջև որպես երաշխավոր երկրներ հանդես գալու մասին է: Պուտինը դա միջազգային բանակցությունների համար նպաստավոր և Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող գործընթացին համապատասխանող է համարել:

Հասան Ռոհանին էլ իր հերթին հայտարարել է, թե Իրանի և ՌԴ համագործակցության նպատակներից է Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունություն պահպանումը և ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ:

- Մեր վերջնական նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումն է,-նրա խոսքերն է փոխանցել ՏԱՍՍ գործակալությունը:

Ըստ Իրանի նախագահի՝ իր երկիրն ու Ռուսաստանը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարուստ փորձ են կուտակել, իսկ երկու երկրների փոխհարաբերությունները նոր` ավելի բարձր որակի փուլ են թևակոխել: ՌԴ կատարած իր այցը նա համարել է ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլ:

Թե միջազգային ահաբեկրության դեմ պայքարի հարուստ փորձը որքանով կնպաստի երկրագնդի ամենաթեժ տարածաշրջանում մահերի ու ավերածությունների կրճատմանը` առայժմ ոչինչ ասել հնարավոր չէ, քանի որ հրդեհի օջախները հանդարտվելու միտում չունեն: Ով կարող է ասել, թե Ռուսաստանին կամ Իրանին միայն մարդասիրական մղումներն են առաջնորդում: Չէ՞ որ որքան էլ դիվանագիտորեն արտահայտվեն, «տողերի արանքում» նրանց շահը կարդացվում է: Իսկ այս ամենի մեջ թերևս ամենաուշագրավը Պուտինի գովասանքն է Թուրքիայի հասցեին: Որքան էլ Ռուսաստանն ու Թուրքիան քաղաքական մուկնուկատու են խաղում, միևնույն է` իրարից հրաժարվել  չեն կարողանում: Դե, եթե պանթուքիստական ծավալապաշտությունն առայժմ անխափան առաջ մղող Թուրքիան կարող է իր քթի տակ եղած հակամարտությունը կարգավորող համարվել, մեր մոլորակի վրա հակամարտությունները ընդմիշտ բորբոքված են մնալու: Թեև անշուշտ` մեզ համար ամենալավը կլինի, եթե Ռոհանիի  հայտարարությունը, այն է՝ «մեր վերջնական նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումն է», ամենամոտ ժամանակներում իրականություն դառնա: Մի պայմանով, իհարկե. եթե հայերիս շահը պատշաճորեն պաշտպանվի: