Մեծ Բրիտանիան ներգաղթյալներին այլևս չի՞ գրավում

Ինչ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը սկսվել է, այդ երկրում ներգաղթյալների թիվն սկսել է պակասել:

Վերջին հաշվարկով` այժմ այնտեղ մեկ երրորդով պակաս ներգաղթյալներ կան, քան ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեից առաջ: 2016թ. հունիս-2017թ. հունիս ժամանակամիջոցում ժամանածներից այնտեղ մնացել է ընդամենը 230 հազար ներգաղթյալ (հաղորդում է «ՌԻԱ-նովոստին»):

Նշված ժամանակում Մեծ Բրիտանիա է ժամանել շուրջ 572 հազար մարդ, իսկ այնտեղից մեկնել է 342 հազարը:  Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ` զգալիորեն նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր ժամանում են ԵՄ երկրներից: Քչացել են հատկապես Մեծ Բրիտանիայում աշխատանք որոնող դրսեկները:
Այս տարվա հունիսի 19-ին Բրյուսելում սկսված բանակցությունները նախատեսվում է շարունակել մինչև 2018թ. նոյեմբեր, որից հետո մի կողմից ԵՄ-ից հեռացող Մեծ Բրիտանիան, մյուս կողմից ԵՄ-ն կես տարի կունենան, որպեսզի ազգային խորհրդարաններում վավերացնեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Միացյալ Թագավորությունը պետք է ԵՄ-ից լիովին դուրս հայտարարվի 2019թ. մարտի 29-ին` Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին (կենտրոնական Եվրոպայի ժամանակով` ժամը 00:00-ին):

Այն, որ ներգաղթյալները եվրոպական շատ երկրների համար ծանր բեռ են դարձել, և այդ պետությունները դեմ չեն նրանցից ազատվելուն` ակնհայտ է: Այս տեսանկյունից գուցե Մեծ Բրիտանիայի բախտը բերել է. Եվրամիությունից մեկուսանալով` այն կարող է նաև իր հասարակությունը մաքրել ներգաղթյալների հետ ներմուծվող բացասական հետևանքներից:

Բայց մյուս կողմից շատ ավելի ակնհայտ իրողություն կա. խորտակվող նավից առաջինն առնետներն են հեռանում: Հնարավո՞ր է, որ արդի Եվրոպայի` դարերի թալանով հարստացած երկրներում բախտ ու հաջողություններ որոնող հալածյալներն ու բախտախնդիրները մեծբրիտանական «նավի» խորտակումն են կանխազգում, դրա համար էլ նախապես հեռանում են առավել ապահով ափեր: