Ավստրիան չի ուզում, որ Թուրքիան ԵՄ մտնի

Ավստրիայում ձևավորված նոր կառավարությունը Թուրքիային Եվրամիության կազմում չի տեսնում: Նման բովանդակությամբ հայտարարություն է արել փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրահեն, երբ դեկտեմբերի 20-ին ուղերձով դիմել է պահպանողական և աջ թեքում ունեցող երկու կուսակցություններից կազմված նոր կառավարությանը:

Փոխկանցլերն ասել է, թե Վիեննան չի ցանկանում, որ Թուրքիան ԵՄ անդամ դառնա, այդ պատճառով համախոհներ է փնտրելու, որպեսզի հասնի նրան, որ Թուրքիայի հետ Եվրամիության անդամակցության վերաբերյալ բանակցությունները խզվեն (հաղորդել է ռուսական ՏԱՍՍ-ը):

- Մենք եվրոպացիներ ենք և մեզ ԵՄ-ի մաս ենք գիտակցում: Մենք Թուրքիայի մուտքը չենք ուզում և փնտրելու ենք համախոհներ, որպեսզի ընդհատվեն այդ բանակցությունները,-ասել է ասել է Ավստրաիայի փոխկանցլերը:

Վիեննայից հնչած այս հայտարարությանը Թուրքիան հավանաբար ամենաասիական ինքնահավանությամբ կպատասխանի: Բայց ի՞նչ անես, երբ Եվրոպայի սրտում դարեդար գոյատևող Ավստրիան չի ուզում, որ Ասիան ներխուժի իր կյանքի ու գործունեության ոլորտները: Չէ՞ որ աշխարհագրորեն Թուրքիան Ասիայում է չնչին բացառությամբ, իսկ վարած քաղաքականությամբ, բարքերով ու մտածելակերպով նույնիսկ սահմանակից չէ Եվրոպային:  

Երևում է` Եվրոպան այդպես էլ «կարոտ է մնալու» Թուրքիայի անդամակցությանը. տասնամյակներ շարունակ ընթացող բանակցությունները դեռևս ոչ մի ժամկետ չեն հստակեցրել: Որովհետև որքան էլ եվրոպական արժեք է համարվում բոլորին հանդուրժելը, խտրականություն չդնելը (բանն այնտեղ է հասել, որ հյուսիսային երկրներից մեկում արդեն մտածում են, թե Աստծուն արական դերանունով կոչելը խտրականություն չէ՞ կանանց կամ համասեռամոլների հանդեպ)` երբեմն անհնար է դառնում որոշ երևույթների հետ հաշտվելը: Ու գլուխ է բարձրացնում «համախոհների» փնտրտուքը: