Հայկական զբոսաշրջությունն ու բլոգեր Լապշինը

Այն, որ բլոգեր Լապշինին դավադրաբար ձերբակալելով՝ Ադրբեջանն ստիպված եղավ ինը ամիս անց ազատ արձակել, խոսում է այն մասին, որ նավթադոլարներն ու քաղաքական դավերն ամենևին էլ ամենազոր չեն: Արդեն երեք ամիս է՝ Լապշինն ազատ է և շարունակում է բլոգերի իր գործունեությունը: Ու այդ գործունեության սլաքներն այժմ արդեն ամենասուր ծայրերով ուղղված են «գաճաճ Ադրբեջանի» դեմ:
 
Քանի որ «ճտերը հաշվելու» ամենալավ ժամանակը տարեվերջն է, 2017թ. մայրամուտն էլ առաջընթաց է արձանագրել Արցախի զբոսաշրջային ոլորտում, ինչին Լապշինն իր puerrtto.livejournal.com  բլոգում արձագանքել է հետևյալ կերպ.
 
- Պարադոքս է, սակայն գաճաճ Ադրբեջանը, որը փորձում է վախեցնել ամբողջ աշխարհին, հասավ հակառակ արդյունքին՝ նպաստեց, որ 2017թ. Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը համարյա կրկնապատկվի:
 
«Առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության» Արցախ այցելելու մեղադրանքով ադրբեջանական բանտում ամիսներ անցկացրած բլոգերը չի մոռացել նշել, որ զբոսաշրջիկների թվում նաև իր ընկերներից մի քանիսն են, ովքեր հետաքրքիր ֆիլմ են նկարահանել «հրաշալի երկրամասի՝ Արցախի, նրա մշակույթի, ժողովրդի, բնության, ճարտարապետական հուշարձանների մասին», ու իր ընթերցողներին խորհուրդ է տվել անպայման դիտել, քանի որ վստահ է՝ նրանք ևս կցանկանան այնտեղ այցելել: 
 
Արտագնա զբոսաշրջության սիրահար ռուսաստանցիներն էլ, պարզվում է, ամանորյա տոներն անցկացնելու համար գերադասում են Հայաստան գալ: Տոմսերի ամրագրման Tvil.ru ռուսական ծառայությունը վարկանշային աղյուսակ է կազմել, որտեղ Երևանը հայտնվել է ԱՊՀ գերադասելի քաղաքների հնգյակում: Ծառայության հաղորդած տվյալները վկայում են՝ ռուս զբոսաշրջիկները Հյաստանում միջին հաշվով 3 օր անց կկացնեն և կծախսեն 2800 ռուբլի: Ռուս զբոսաշրջիկները առավելապես հետաքրքրված են մեր մայրաքաղաքով, Ծաղկաձորով, Դիլիջանով: 
 
Կասկած չկա՝ ռուսներից շատերը գերադասում են տոները Հայաստանում անցկացնել, քանի որ նրանց համար մուտքը մեր երկիր ազատ է՝ բավական է անձնագիր ներկայացնել: Սակայն չենք կարող ուրանալ նաև Ադրբեջանի «դերն» այս գործում: Նրանք այնքան են ամենայն հայկականը հայհոյում, փնովում ու սևացնում, որ ոմանց հետաքրքրությունն են շարժում:Լապշինը ճիշտ է՝ սա պարադոքս է՝ առեղծված: Սակայն կյանքն էլ հենց առեղծվածների մի մեծ հավաքածու է, որոնցից մեկն էլ հայերիս մշտամնա ներկայությունն է մարդկային քաղաքակրթության հոլովույթում: