Էրդողանի խոսքերին շատե՞րը կհավատան

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի սուլթանացու Էրդողանը: Թունիս այցելության ժամանակ նա հանդես է եկել մամուլի ասուլիսով և պնդել, թե Ասադի հետ անհնար է համագործակցել: Նրա խոսքերը տարածել են ԶԼՄ-ները:
 
- Սիրայում հնարավոր չէ Ասադի հետ համագործակցել: Ինչո՞ւ: Որովհետև հնարավոր չէ համագործակցել մի մարդու հետ, ով սպանել է իր երկրի շուրջ մեկ միլիոն քաղաքացու,- ասել է Էրդողանը: 
 
Թուրքիայի նախագահն Ասադին կոչել է ահաբեկիչ, ով ահաբեկչությամբ է զբաղվում պետական մակարդակով: Եվ սա այն դեպքում, երբ դեռևս այս տարվա նոյեմբերին ի լուր աշխարհի հայտարարել էր, թե տվյալ պահին Անկարան Դամասկոսի հետ շփումներ չունի, սակայն հնարավոր քաղաքական շփումների համար բաց է մնում:
 
-Քաղաքականության դռները մինչև վերջին պահը բաց կմնան,- պարզաբանել էր Էրդողանը:
 
Թուրքիան այնքան բազմավեկտոր քաղաքականություն է վարում ու անվարան մխրճվում տարբեր միջազգային հարթակներ, որ այս դեպքում «քաղաքականության դռներն» այսպես շռնդալով փակելը զարմանալի չէ: Շատ հնարավոր է՝ այս պահին նման գործելակերպի հիմք տվել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որը վերստին իրար է խառնել ամբողջ տրածաշրջանն ու մասնավորապես իսլամական աշխարհը: Իսկ Էրդողանի գերագույն նպատակն այդ աշխարհի տիրակալ դառնալն է: 
 
Էրդողանից ամեն կարգի շրջադարձ էլ կարելի է սպասել. փաստն այն է, որ նա առայժմ հաջողությամբ առաջ է տանում Թուրքիա անունով վերակնքված այն նավը, որի ղեկը 2002թ.-ից իր ձեռքին է պահում: 
 
Միայն թե խորհող ու արդար դատող մարդկանց համար Ասադի դեմ Էրդողանի խոսքերը կարող են ուղղակի գովասանք հնչել՝ եթե փորձեն նրա գործերը դիտարկել մեկ այլ լույսի ներքո: Սեփական քաղաքացիներին սպանելու մեղադրանք է հռչակում ցեղասպան երկրի նախագահը (ավելի հարմար համարելով իր իրավանախորդների ոճիրն ուրանալ) և նա, ով «գյուլենականի» պիտակ կպցնելով՝ զանգվածաբար բանտերն է լցնում իր ղեկավարած պետության քաղաքացիներին: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարիներով պատերազմ մղող և իր պետությունը նրանցից մաքրած Ասադին ահաբեկիչ է համարում մի մարդ, որի երկիրը տարանցիկ ուղի է նույն ահաբեկիչների համար:   
 
Ուրեմն հասարակ մահկանացուներն ինչպե՞ս վստահեն պետությունների ղեկավարների խոսքերին ու մեղադրանքներին, երբ սրա օրինակով ակնհայտ է, որ մեղադրող կողմն ավելի մեծ մեղքեր է պարտակում: Բայց մինչ քաղաքական բարձրաստիճան դեմքերն իրար ճիշտ ու սխալ պիտակներ են կպցնում ու ջրեր պղտորում, հասարակ մարդու համար աշխարհն առավել վտանգավոր է դառնում: