Փհենյանին դարձյալ մեղադրում են

ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհում «երկաթե վարագույրները» լիովին չվերացան, և դրանցից մեկն այսօր փակ է պահում Հյուսիսային Կորեայի սահմանը: Սակայն որքան էլ «երկաթե», ոմանք կարողանում են այդ արգելապատնեշը ճեղքել ու ԿԺԴՀ-ից փախուստ տալ: Հյուսիսից փախչող կորեացիները շատ դեպքերում ապաստան են ստանում իրենց հարավային եղբայրների պետությունում, պաշտոնական Սեուլն էլ փորձում է նրանցից օգուտ քաղել՝ ԿԺԴՀ-ին վարկաբեկող փաստեր հավաքագրելով:
 
«Ռոյթերս» գործակալության երեկվա հրապարակումը ազդարարում է՝ Հարավային Կորեայում ապաստանած 4 նախկին հյուսիսցի ամենայն հավանականությամբ ճառագայթահարվել են այնտեղ: Տեղեկությունը տարածել է Հարավային Կորեայի կառավարությունը, միաժամանակ նշվել է, որ չի կարող ստույգ մատնանշել, թե դա կապված է Փհենյանի միջուկային գործունեության հետ: 
 
Այդ չորս հյուսիսկորեացիները ևս 26-ի հետ ԿԺԴՀ-ի միջուկային հրաձգարանի շրջանից հեռացել են  2013թ., որտեղ մինչ այդ փորձարկումներ էին անցկացվել: Նրանք խույս են տվել վերջին փորձարկումից և կարողացել են անցնել թերակղզու՝ Սեուլի վերահսկողության տակ գտնվող հատված: Փորձագետներն էլ այժմ պնդում են, թե հետագա հյուսիսցիների շարունակվող փորձարկումները կարող են ռադիոակտիվ աղտոտման նոր դռներ բացել:
 
Հնարավոր է, որ այժմ ԿԺԴՀ-ում նույնպես, ինչպես նախկին ԽՍՀՄ-ում, իշխում է «Մարդն ամենաթանկ կապիտալն է» կեղծ գաղափարախոսությունը (կեղծ, քանի որ տվյալ դեպքում անհատը հենց ամենաէժանն է գնահատվում): Գուցե Փհենյանում համոզված են, որ հանուն իրենց երկրի հզորացման՝ պետք է անձնական երջանկությունից ու տարրական ապահովությունից զրկվեն նրա բոլոր քաղաքացիները և իրենց կյանքն ի սպաս դնեն ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի նման թշնամիներին  հաղթելու գործին: Նման կեղծ պաթոսը դուրս է հորդում Փհենյանից հնչող հայտարարությունների ու մեկնաբանությունների տեքստերից: 
 
Միայն թե աշխարհը վաղուց է ոտք դրել մոլորակի ռադիոակտիվ աղտոտման Ճանապարհ, և Հյուսիսային Կորեայի այս օրինակը, եթե անգամ հաստատվի, չի կարող մեղքի ամբողջ ծանրությունը նրա ուսերին բարդել: Կին Չեն Ընի վարչակարգը միջուկային ծրագրեր է զարգացնում, որովհետև իրեն հակազդող ուժի դեմ համարժեք զենքով պետք է կռվի: 
 
Որևէ երկրի դեմ պատժամիջոցների շարքը խտացնելու լավագուն  մեղադրանքը, սակայն, նրան միջուկային սպառնալիք հայտարարելն է: ԿԺԴՀ-ն դրա թիրախում է: Այնպես որ՝ մնում է կասկածի մի նշույլ, թե արդյո՞ք վերը նշված չորս փախստականի քննության արդյունքները պատվիրված չեն: Արդի աշխարհում սա արդեն այնքան ակնհայտ գործելակերպ է դառնում, որ ընդամենը մեկ քայլ է մնում, որպեսզի անգամ «քար ծակող» ապացույցները դադարեն հավաստի տեղեկատվություն լինել: