Տեսախցիկների «ամենատես աչքերը» և քաղաքների ապագան

Մերձավոր Արևելքի առևտրային, ֆինանսական ու զբոսաշրջային ամենախոշոր կենտրոն Դուբայում որոշել են փողոցներն ապահովել մարդկանց դեմքերը տարբերակող հազարավոր տեսախցիկներով: Դա մասն է այն ծրագրի, ըստ որի Արաբական Միացյալ Էմիրությունների այս խոշորագույն բնակավայրը 2021թ. պետք է «խելացի քաղաք» դառնա: Իսկ տեսախցիկները տեղեկություններ կհավաքեն կառավարական տարբեր հաստատությունների համար:

Նախատեսվում է մոտ ապագայում բոլոր տեսախցիկներն այնպես միավորել, որ ձեռք բերված ամբողջ տեղեկատվությունը հաղորդվի միասնական կենտրոնին, որպեսզի հնարավոր լինի արտակարգ իրավիճակներին արձագանքել առանց ավելորդ հապաղման: Նախատեսվում է նման տեսախցիկներ տեղադրել նաև քաղաքի այլ մասերում, որպեսզի հնարավոր լինի հետևել հանցագործներին: 

Ուշագրավ է Դուբայի ոստիկանների մեկնաբանությունն այն մասին, որ այդ խցիկներում գործելու է ձայնային համակարգ, որը հնարավոր հանցագործներին զգուշացնելու է, որ իրենց հետևում են` այդպիսով թերևս շատ դեպքերում կանխելով տվյալ հանցագործությունն ու դրա ողբերգական հետևանքները:

Այն, որ տեսախցիկները դառնում են աշխարհի  հատկապես խոշոր քաղաքների կենսագործունեության անբաժան բաղադրիչը, արդեն բոլորին է պարզ: Առայժմ քաղաքային իշխանությունները և երկրների կառավարությունները հիմնականում փորձում են դրանց միջոցով վերահսկել փողոցների երթևեկությունը և խախտումներ արձանագրելով` բյուջեն լցնել տույժ ու տուգանքներից առաջացող առատ գումարներով: Երևանում որ այդպես է: Բայց որ սնկի պես աճող այդ նկարահանող սարքերը կոչված են նաև հանցագործությունները կանխել` լավ հասկացել են Դուբայում:

Մենք լավ գիտենք, որ նման սարքերը լայնորեն ներդրվում են նաև երկրների պաշտպանության համակարգերում: Գիտենք նաև այն, որ նման սարքերի առկայությանն ենք պարտական մեր սահմաններում արդբեջանական դիվերսիոն հարձակումների ձախողումների համար:

Արդեն անհնար է մարդկության ապագան առանց մարդու ու տրանսպորտային միջոցների յուրաքանչյուր քայլը նկարահանելու իրողության պատկերացնել: Ու նաև հաստատ է, որ «խելացի քաղաք» դառնալու հեռանկարը միայն Դուբայի մենաշնորհը չի մնա: Այստեղ արդեն կկարևորվի մեկ այլ բան` այդպիսի քաղաքները «խելքները» ինչի՞ն կտան` բնակիչների անվտանգությունն ապահովելո՞ւն, թե՞, ասենք, վարորդների ու հետիոտնների համար «խախտումային իրավիճակներ» ստեղծելով և դրանք ժապավենի վրա ամրագրելով` մարդկանցից գումարներ շորթելուն:

Ասում են` մեղուն ծաղկից մեղր է պատրաստում, օձը` թույն: Մարդկության կյանք ներխուժած և ամեն ինչ անխնա գաղտնազերծող տեսախցիկներից նույնպես կարելի է թե՛  բարիք քամել, թե՛ թույն նյութել: Նայած` ով ինչ նպատակ է հետապնդում: