Ուկրաինան ումի՞ց է պակաս, որ թևավոր հրթիռ չունենա

ԽՍՀՄ փլուզումից հետո որոշակի տարածքներից զրկված, պատերազմական գործողությունների մեջ խրված ու «մայդաններով» անցած Ուկրաինան հզոր երկիր դառնալու, «ագրեսորին զսպելու» մեծ ցանկություն ունի: Իսկ արդի աշխարհում հզորություն ասելով առաջին հերթին հասկանում են սպառազինություն ու բանակի մարտունակություն:

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի թուիթերյան գրառումը վկայում է, որ ԽՍՀՄ երբեմնի երկրորդ հզոր հանրապետությունը վերստին հզորանալու ձգտումների պակաս չունի:

Եվ այսպես, Տուրչինովը հայտարարել է` Ուկրաինան հաջողությամբ ցամաքային տեղակայման թևավոր հրթիռ է փորձարկել, իսկ այն օժտված է ցամաքային և ծովային թիրախները ճշգրտորեն խոցելու հատկությամբ: Նա ասել է, թե հրթիռն ամբողջությամբ մշակել են «ԳոսԿԿԲ «Լուչ» պետական ուկրաինական ձեռնարկության մասնագետները` համագործակցելով պետական և մասնավոր այլ ձեռնարկությունների հետ։

Աշխարհին նաև տեղյակ է պահվել, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը խնդիր է դրել մշակել ոչ միայն ցամաքային, այլև «ծովային ու օդային տեղակայման թևավոր հրթիռների համալիր»։

- Մեր թևավոր հրթիռների գործողությունների հեռահարությունը և մարտական պատրաստությունը Ուկրաինայի կողմից ստորագրված միջազգային պայմանագրերին չեն հակասում,- հնարավոր մեղադրանքներից իրենց գործողություններն ապահովագրել է Տուրչինովը:

Ապա գնահատել է թևավոր հրթիռ փորձարկելու կարևորությունն իր երկրի համար:

- Սա Ուկրաինայի համար շատ կարևոր  իրադարձություն է, քանի որ Բուդապեշտի հուշագրին համապատասխան` ուկրաինական բանակի ամբողջական զինաթափումից հետո Ուկրաինայի զինված ուժերի զինանոցում ոչ մի թևավոր հրթիռ չէր մնացել,- հաղորդել է Տուրչինովը։