Նեղանալ չլինի. զենքի վաճառքն ընդամենը եկամտի աղբյուր է

Ռուսաստանը պարծենում է այն եկամտով, որն ամեն տարի ստանում է օտար պետություններին իր արտադրած մահաբեր զենքերը վաճառելով: Համենայնդեպս նման եզրակացություն կարելի է անել` ելնելով ռազմատեխնիկական գծով նախագահի օգնական Վլադիմիր Կոժինի` «Կոմերսանտին» հայտնած տեղեկություններից:

2017թ. ՌԴ-ն արտասահմանյան երկրներին 15 մլրդ դոլարի զենք է վաճառել: Մատակարարումների ծրագիրը կատարվել է, դրան էլ գումարած` պատվերների թղթապանակը կայուն նիշի վրա է` 45 մլրդ դոլար: 2018թ. երկիրը ծրագրում է արտասահմանցի պատվիրատուներին մատակարարել 16 մլրդ դոլարի զինարտադրանք: Ընդ որում` պատվիրատուների ցուցակը լրացվել է երկրներով, որոնք ՌԴ-ից երբևէ զենք չեն գնել, օրինակ` Սաուդյան Արբիան, Քաթարը, Բահրեյնը: 
«Рособоронэкпорт» ընկերության մամուլի ծառայությունն էլ հայտնել է, որ 2017թ. ռուսական զինարտադրանք ձեռք բերելու համար պատվիրատուներ են եղել աշխարհի 53 երկրից:

Ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևը նշել է, որոշ երկրներ փորձում են Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրել և կիրառում են անբարեխիղճ մրցակցության եղանակներ: Ռուսական ռազմարդյունաբերական համալիրին, սակայն, հաջողվում է ոչ միայն զենքի շուկայում իր առաջնային դիրքերը պահպանել, այլ նաև նոր գնորդներ նվաճել:

«Վեստին» էլ բերել է վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` 2015թ. պաշտպանական զենքի արտահանումը Ռուսաստանին բերել է 14,5 մլրդ դոլար, իսկ 2016թ.` ավելի քան 15 մլրդ: Դե, իսկ Կոժինի ասածներից էլ պարզ է, որ 2017թ. նույնպես ՌԴ-ն այս գործում 15 մլրդ դոլար է վաստակել, իսկ ընթացիկ տարում մտադիր է սրան մեկ ամբողջ միլիարդ հավելել:

Ռուսական լրատվամիջոցները մոռացել են մեկ այլ վիճակագրություն նույնպես կազմել` իրենց վաճառած զենքերից քանի՞ մարդ է զոհվել, քանի՞ ընտանիք է դժբախտացել, քանի՞ տուն, դպրոց, մանկապարտեզ  ու հիվանդանոց է ավերվել: Ու եթե մի փոքր ավելի խորությամբ քննեին, գուցե հասնեին այն կետին, թե վաճառքի ճանապարհով իրենց վերահսկողությունից դուրս եկած զենքերից տարբեր վայրերում քանի՞ ռուս է զոհվել, կամ թե այդ զենքերից քանի՞ նմուշ է հայտնվել ահաբեկիչների ձեռքին ու մահ սփռել խաղաղ բնակիչների շրջանում:

Դե ի՞նչ` Ռուսաստանից Հայաստանն էլ է զենք գնում: Գնում է, որպեսզի դիմագրավի նույն ռուսական զենքով մեզ վերստին հայրենազրկել փորձող նորահայտ Ադրբեջանին: Ռուսաստանի համար դա ուղղակի բիզնես է, տարբեր ֆիլմերի ծեծված արտահայտությամբ` անձնական ոչինչ չկա:

Բայց եթե մենք կարողանայինք երբեմն ետ նայել ու իմաստավորել մեր բանավոր զրույցներն ու անցած ուղին, կնկատեինք, որ մեր պատմական հիշողությունը բերել ու մեզ է հասցրել հայկական անպարտելի զենքի երկու անուն` «լայնալիճ» աղեղից արձակվող «երեքթևյան» ու «գերանաչափ» նետերը և հուրուկրակ ժայթքող Թուր կեծակին: Ասել կուզի` զինարտադրության գաղտնիքները մեզ վաղուց են ծանոթ:

Ժամանակը չէ՞ արդյոք նոր զարկ տալ անցյալի ավանդույթներին ու ինքնուրույն կազմակերպելու մեր պաշտպանությունն էլ, հարձակումն էլ` եթե հարկ լինի: