Առևտրային պատերազմ չկա՞

Այն, ինչ այսօր աշխարհում  կատարվում է ապրանքների ներկրման բնագավառում, առևտրային պատերազմ անունն է ստացել:
 
Դրա մեկնարկը, հիշեցնենք, տվեց ԱՄՆ-ը՝ բարձր մաքսատուրքեր սահմանելով որոշ մետաղների ներկրման համար:
 
Այս պահին այդ «պատերազմում» ամենաթեժը չինական ճակատն է: ԱՄՆ-ը մտադիր է չինական ապրանքների վրա 50 մլրդ դոլարի մաքսատուրք սահմանել, Չինաստանն էլ դրան պատասխանել է «հայելային» եղանակով: Պեկինում հայտարարել են, թե 15-25%-ի մաքսատուրքեր են սահմանվում ԱՄՆ-ից ներմուծվող 106 անուն ապրանքների վրա:
 
Պարզվում է, սակայն, որ այս պատերազմում Միացյալ Նահանգները բնավ էլ հաղթելու ինքնավստահություն չի դրսևորում: Նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ոչ մի առևտրային պատերազմ էլ չկա, քանի որ Չինաստանի հետ նման պատերազմում ԱՄՆ-ը վաղուց է պարտվել:  
 
«Թուիթերի» իր Էջում Թրամփն անկեղծացել է՝ նշելով, թե այդ պարտության հետևանքն է, որ ԱՄՆ-ը Չինաստանի նկատմամբ բազմամիլիարդանոց առևտրային պակասուրդ ունի:
 
- Մենք Չինաստանի հետ առևտրային պատերազմ չենք վարում, այդ պատերազմում մենք պարտվել ենք հիմար կամ անձեռնահաս մարդկանց պատճառով, որոնք այդ ժամանակ ներկայացնում էին ԱՄՆ-ը: Այսօր մենք տարեկան հաշվարկով 500 մլրդ-ի չափով առևտրային պակասուրդ ունենք և 300 մլրդ-ի չափով՝ մտավոր սեփականության յուրացում: Մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի,- գրել է Թրամփը:
 
ԱՄՆ նախագահի այս գրառումից կարելի է եզրակացնել, որ իր ղեկավարած գերտերությունն ընդամենը փորձում է շտկել ժամանակին թույլ տրված սխալները: Բնական է, որ օրեցօր հզորացող և ԱՄՆ-ի համար քաղաքական հակառակորդի դիրքերում գտնվող Չինաստանին տնտեսական վնաս հասցնելը կարող է շատ գայթակղիչ լինել: Միայն թե այս «պատերազմում» թիրախավորված են նաև աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Եվրամիության: 
 
Այսօր բոլորն էլ խոսում են դրա դեմ միջոցներ ձեռնարկելու մասին, այնպես որ չի բացառվում՝ ԱՄՆ ներկայիս «ձեռնհաս» ղեկավարությունը հոնքը վերականգնելու փոխարեն աչքն էլ վնասի: Ցավոք՝ դրանից կվատանա ոչ միայն ԱՄՆ-ի «տեսողությունը»: Հետևանքները կարող են տնտեսական նոր ցնցումներ առաջ բերել ամբողջ աշխարհում: