Իսկ ովքե՞ր են նորօրյա ու գալիքի եվրոպացիներ

ԵՎՐՈՊԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ

Վերջին տասնամյակներում շատ էր խոսվում այն մասին, թե եվրոպական ազգերն այնքան քիչ երեխաներ են ունենում, որ շուտով նրանց երկրները կդատարկվեն, իսկ մինչ այդ բնակչության հիմնական զանգվածը ծերերը կկազմեն: Ինչ խոսք, սա ծանր հեռանկար էր և տագնապ էր առաջացնում ամբողջ աշխարհամասի ճակատագրի համար: Մինչդեռ վերջին 2-3 տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ երիտասարդ բնակչությունից զրկվելու վտանգ Եվրամիության երկրներին այլևս չի սպառնում: Հենց միայն 2016թ. ԵՄ բնակչությունն ավելացել է գրեթե 1 միլիոնով:
 
Ճիշտ է՝ ԵՄ նոր բնակիչները բնավ էլ նորածին երեխաներ չեն, ովքեր պետք է ժառանգեին իրենց եվրոպացի ծնողների սպիտակ մաշկն ու աչքերի բաց երանգները: Ովքեր պետք է աղոթեին քրիստոնեական եկեղեցիներում ու հպարտանային նախնիների ստեղծած մշակույթով: Եվրոպան ամեն տարի հարրյուրհազարավոր նոր քաղաքացիներ է ձեռք բերում, ովքեր այնտեղ են գալիս աշխարհի մնացած հատվածներից ու որոշակի կարգով բնակություն հաստատում Եվրամիության երկրներում:
 
Eurostat վիճակագրական գերատեսչությունն այդ տեսանկյունից ուշագրավ տվյալներ է հրապարակել: Օրինակ, նշվում է, որ 2016թ. ԵՄ քաղաքացի է դարձել 18%-ով ավելի շատ ներգաղթյալ, քան 2015թ.: ԵՄ նոր քաղաքացիները հիմնկանում ժամանել են Մարոկոյից, Ալբանիայից, Հնդկաստանից։ Ամենաշատը Մարոկոյից եկածներն են (101,3 հազար մարդ), ովքեր հիմնականում քաղաքացիություն են ստացել Իսպանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ Այնուհետև ալբանացիներն են (67,5 հազար մարդ). նրանք բնակություն են հաստատել Իտալիայում և Հունաստանում։ Երրորդ և չորրորդ հորիզանականներում են հնդիկները (41,7 հազար մարդ) և պակիստանցիները (32,9 հազար մարդ), որոնք էլ գերադասել են Մեծ Բրիտանիան։ Բնականաբար՝ նրանց իրենց նախկին գաղութարար Անգլիայի հետ հազարավոր թելեր է կապում: Իսկ ահա Գերմանիայում հիմնականում քաղաքացիություն են ստանում թուրքերը, լեհերը, ռուսները։
 
Եվրամիությունը, այսպիսով, ձերբազատվել է ժողովրդագրական մի շատ կարևոր հիմնախնդրից՝ բնակչության ծերացում ու նվազում նրան այլևս չի սպառնում: Եվ դա՝ շնորհիվ այն բանի, որ անցած մի քանի հարյուրամյակում աշխարհի բոլոր ծագերի տարբեր ժողովուրդների գաղութացնելով՝ նրանց հարստությունները թալանել, բերել-լցրել են իրենց պետությունները, ինչի շնորհիվ այսօր կարող են մեծագումար աշխատավարձեր ու նպաստներ նշանակել: Եվ ուրեմն ի՞նչ է ստացվում՝ նախկինում թալանված ժողովուրդների սերունդներն այսօր Եվրոպա են լցվում, որպեսզի այնտեղ օգտվեն իրենց նախնիների ստեղծած բարիքների պտուղներից:  
 
Ամենատարօրինակն այն է, որ նույն պետություններն այսօր էլ չեն հրաժարվում աշխարհի տարբեր երկրների բախտը որոշելու իրենց գործելակերպից, հնարովի, մտացածին պատրվակներով միջամտում են նրանց գործերին ու չեն ուզում խոստովանել՝ հարվածը, որն իրենց պատուհասում է միլիոնավոր ներգաղթյալների ներհոսքի տեսքով, իրենց իսկ նետած բումերանգից է վրա հասնում: