Յանուկովիչին դատում են պետական դավաճանության համար

Ե՞ՐԲ ԿԼԻՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ

Ուկրաինայի հետմայդանային իշխանությունները, երևում է, ձգտում են հնարավորինս շուտ ճաղերի հետևում հաստատուն տեղ ապահովել իրենց նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի համար:
 
Ընթանում է դատավարություն պետական դավաճանության գործով, և մայիսի 8-ին հայտնի է դարձել, որ Յանուկովիչի պաշտպանները մտադիր են Ուկրաինայի դատախազության դեմ բողոք ներկայացնել «դատարանի վրա ճնշում գործադրելու» համար:
 
Նույն օրը Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Ենինը «Հասարակական» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, թե Յանուկովիչի դեմ պետական դավաճանության գործի քրեական գործընթացը մտնում է եզրափակիչ փուլ և «բառացիորեն եթե ոչ մեկ շաբաթում, ապա մեկ ամսում» դատարանը կարող է դատավճիռ կայացնել: Ու նաև ենթադրություն է արել, թե դա կլինի մեղադրական դատավճիռ: 
 
Դատարանի վրա ճնշում գործադրելու մեղադրանքով բողոք ներկայացնելու մտադրության մասին ռուսական ՏԱՍՍ-ին հայտնել է պետության երբեմնի ղեկավարի փաստաբաններից Վիտալի Սերդյուկը՝ մեկնաբանելով գլխավոր դատախազի տեղակալի խոսքերն այն մասին, թե այդ գործով դատավճիռը կայացվելու է առաջիկա մեկ ամսում: 
 
- Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Ենինն այսօր ցուցում է տվել Կիևի Օբլոնյան շրջանային դատարանին, որը քննում է պետական դավաճանության գործը, թե անհրաժեշտ է արագացնել մեղադրական դատավճռի կայացումը և գործն ավարտին հասցնել եթե ոչ մեկ շաբաթում, ապա այս ամսին: Դատական  գործընթացին Ենինի ապօրինի միջամտության և դատարանի վրա ճնշում գործադրելու փաստով բողոք ենք պատրաստում Արդարադատության բարձրագույն խորհրդին և Դատախազների որոկավորման-կարգապահական հանձնաժողովին,- նշել է Սերդյուկը: 
 
Յանուկովիչի պաշտպանը նաև հավելել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն  բազմիցս դատարանին ուղերձներ է հղել, որոնցում սկզբում խոսվել է դատավճիռը Անկախության օրվա տոնին կայացնելու մասին, այնուհետև՝ Նոր տարուն, այժմ էլ՝ մայիսյան տոներին: Թերևս սրանից կարելի է եզրակացնել, որ Յանուկովիչին պետական դավաճանության համար դատապարտելը Ուկրաինայի այժմյան իշխանությունների համար տոն է լինելու, և դրան հասնելու համար չեն քաշվում անգամ դատարանի վրա ճնշում գործադրել: 
 
Ինչ էլ լինի՝ դա այդ երկրի ու նրա քաղաքացիների գործն է: Միայն թե մեր ժամանակներում հեղափոխություններն ու ապստամբությունները միջազգային իրավունքի ամենահարգված դրույթներից են դարձել, այնպես որ չի բացառվում՝ մի նոր մայդան մեղադրյալի նույն աթոռին նստեցնի Ուկրաինայի նախկին նախագահի մեղադրական դատավճիռը կանխավայելողներին: Սակայն եթե նրանք անբասիր հայրենասերներ և անձնազոհ գործիչներ են, ապա նման հեռանկարից հաստատ զերծ կմնան: