ԱՄՆ-ը իրավունք չունի իր կամքը թելադրել Իրանին և ամբողջ աշխարհին

ՌՈՈՒՀԱՆԻԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

Վաշինգտոնն ու Թեհրանը մայիսի 21-ին փոխանակել են խոսքեր, որոնք, հնարավոր է, մոտ ապագայում առավել թեժ գործողություններ են նախանշում մերձավորարևելյան տարածաշրջանի համար:
 
ԱՄՆ Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ծրագրային ելույթ է ունեցել «Ժառանգություն» ոչկառավարական հիմնադրամում՝ ներկայացնելով Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ Դոնալդ Թրամփի վարչախմբի քաղաքականությունը:
 
Պոմպեոն հայտարարել է, թե Միացյալ Նահանգները մտադիր է Իրանի վրա աննխադաեպ ճնշում գործադրել, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ ամենադաժան  պատժամիջոցները, եթե Թեհրանն իր քաղաքական ուղեգիծը չփոխի: 
 
ԱՄՆ պետքարտուղարը պահանջել է, որ Թեհրանը դադարեցնի «աջակցություն ցուցաբերել ահաբեկչական խմբավորումներին», որոնք գործում են Մերձավոր Արևելքում: Նա նշել է լիբիական «Հզբոլահը», ՀԱՄԱՍ-ը և պաղեստինյան «Իսլամական ջիհադը», խոսել նաև Եմենի հուսիներին ռազմական օգնություն տրամադրելու մասին: Պոմպեոյի խոսքով՝ Թեհրանը մեղավոր է նաև «Թալիբան» շարժմանն ու Աֆղանստանի այլ ահաբեկիչներին աջակցելու, «Ալ-Քայիդա» խմբավորման գրոհայիններին ապաստան տրամադրելու համար : Նա Իրանից պահանջել է, որ դադարեցնի աջակցել այդ կազմակերպություններին: 
 
Ուշագրավ է, որ Պոմպեոյի այս ելույթին հաջորդել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարությունը: Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը՝ Պենտագոնի ղեկավարը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կասեցնի Իրանի գործունեույթյանը Մերձավոր Արևելքում: 
 
- Մենք մտադիր ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի խոչընդոտենք և հակահարված տանք տարածաշրջանում Իրանի թշնամական գործունեությանը: Մենք այժմ հստակեցնում ենք՝  հարկավո՞ր է արդյոք մեր այժմյան գործողություններն ավելի խստացնել,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ռոբերտ Մեննինգը: 
 
Իսկ թե ամերիկյան զինվորականությունն ինչ որոշակի քայլեր է պատրաստ ձեռնարկել՝ Մեննինգը չի մանրամասնել: 
 
Միացյալ Նահանգների ոգեշունչ սպառնալիքներին նույն օրն արձագանքել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Երկրի բժիշկների և պրոֆեսորական կազմի առջև ելույթ ունենալով՝ նա ասել է, թե ԱՄՆ-ը իրավունք չունի Իրանին և ամբողջ աշխարհին թելադրել, թե նրանք ինչ պետք է անեն:  
 
- Այսօրվա աշխարհը չի կարող համաձայն լինել, որ իր փոխարեն որոշումներ կայացնի Ամերիկան, այն էլ՝ անկախ և ինքնիշխան պետությունների անունից: ԱՄՆ-ի կառավարությունը հետ է գնացել 15 տարով՝ մինչև 2003թ. Բուշ կրտսերի հայտարարությունների ժամանակը: Այսօր, սակայն, մենք չենք կարող համաձայնել, որ Ամերիկան որոշի ամբողջ աշխարհի ճակատագիրը և իր մոտեցումները պարտադրի ուժի դիրքերից, ինչն աշխարհն ամբղջովին մերժում է,- Իրանի նախագահի խոսքն է փոխանցել «Միհր» գործակալությունը:
 
Ռոուհանին նաև չի անտեսել, որ ժամանակին Մայքլ Պոմպեոն ղեկավարել է ԿՀՎ-ի աշխատանքները և ուղղակի դիմել է նրան.
 
- Մարդը, ով երեկ աշխատում էր լրտեսական կենտրոնում, այժմ խոսում է որպես ԱՄՆ պետքարտուղար և մտադիր է որոշել երկրների ճակատագրերը: Դու ո՞վ ես, որ խոսես Իրանի և մնացած աշխարհի հետ: Ձեր հայտարարությունների ժամանակն ավարտվել է: Իրանի ժողովուրդն արդեն կուշտ է ձեր խարդախություններից և դրանք երբեք չի ընդունել:
 
Խոսք չկա՝ երեք դարից էլ պակաս պատմություն ունեցող Միացյալ Նահանգները աշխարհի ամենահզոր երկիրն է բազմաթիվ տեսանկյուններից: Սակայն հազարամյակների փորձությունների միջով անցած Իրանի ուժն էլ սոսկ նրա զինանոցն ու արդյունաբերությունը չեն, որոնք տևական պատժամիջոցներից իրոք թուլացել են: Նման երկրներն այնպիսի յուրահատուկ ներուժ են ունենում, որ կարող են դիմագրավել ցանկացած  վտանգ: Այնպես որ, այս հակամարտությունը, հնարավոր է, դեռևս շատ անակնկալներ կմատուցի: