Նոր միայն ուսումնասիրվում են հակաիրանական փաստաթղթերը

Իսրայելի իշխանությունների տրամադրության տակ հարյուր հազարի կարգի թղթային և թվային փաստաթղթեր կան, որոնք ապացուցում են, որ Իրանն իր միջուկային ծրագրերը շարունակում է, և այն ունեցել է գաղտնի ռազմական բաղադրիչ՝ «Ամադ ծրագիր» ծածկանվամբ:
 
Այս մասին առաջին անգամ ակնարկել էին մայիսի սկզբներին, որից հետո Միացյալ Նահանգները դուրս եկավ Իրանի հետ միջուկային ծրագրից և վերականգնեց 2015թ. ի վեր սառեցված խիստ պատժամիջոցները, այդ թվում՝ երկրորդական (այսինքն այն երկրների նկատմամբ, որոնք Իրանի հետ գործարար կապեր են պահպանում): 
Իսկ «չար լեզուներն» էլ ասում են, թե Իրանի մասին ինչ-ինչ տեղեկություններ Իսրայելի ձեռքին չէն կարող հայտնվել առանց Ադրբեջանի մասնակցության:
 
 
Երեկ Վիեննայում հրավիրած ասուլիսում ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն զգուշացրել է.
 
- Մենք դիտել ենք վարչապետ Նաթանյահուի մամուլի ասուլիսը: Մեր միջև կարծիքների նախնական փոխանակում է տեղի ունեցել: Սակայն մենք նոր միայն սկսել ենք տեղեկությունն ուսումնասիրել, և դա շատ ժամանակ կխլի:
 
ՄԱԳԱՏԷ-ն, սակայն, Միացյալ Նահանգների նշված քայլերից հետո հայտարարեց, թե Իրանը կատարում է համաձայնագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները: Նույն պնդումը հնչել է նաև հունիսի 4-ին: Ըստ Ամանոյի՝ իր ղեկավարած գործակալությունը շարունակում է հետևել Իրանի գործունեությանը: Իսկ Իրանը գործում է իր ատոմային ծրագրի գծով Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) շրջանակներում:
 
- Գործակալությունը շարունակում է հետևել, որպեսզի միջուկային ծրագրերը, որոնց մասին հայտարարել է Իրանը, չուղղվեն այլ նպատակների: Շարունակվում են ստուգումները Իրանում չհայտարարագրված միջուկային նյութերի առկայութան և այլ գործողությունների վերաբերյալ,- նշված է ՄԱԳԱՏԷ-ի կառավարման խորհրդին ուղղված զեկույցում:
 
Որքան էլ Միացյալ Նահանգները միջուկային գործարքից դուրս է եկել, և միջազգային միջնորդների վեցյակն արդեն վերածվել է հնգյակի (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա), ՀՀԳԾ-ն շարունակում է իր դերը կատարել: Վիեննայում տեղի է ունեցած Իրանի և միջազգային միջնորդների համատեղ արտահերթ հանդիպմանը քննարկվել է ՀՀԳԾ-ի իրացումը՝ հաշվի առնելով համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը: 
 
Հանդիպման բոլոր պատվիրակները քաղաքական տնօրենների մակարդակով հաստատել են, որ հավատարիմ են մնում իրենց պարտավորություններին: Իսկ Ամանոն ինքը հաստատել է, որ Իրանն իր պարտավորությունները կատարում է, և ՄԱԳԱՏԷ-ն առաջվա նման ղեկավարվելու է դիտարկում իրականացնելու և ՀՀԳԾ–ի կատարումը ստուգողի իր մանդատով: Իրանն իր հերթին խնդրել է Համատեղ հանձնաժողովի նիստն անցկացնել նախարաների մակարդակով: 
 
Իսկ Իսրայելի ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունը, ինչպես նշել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը, երկարատև գործընթաց է, ու դեռևս պարզ չէ, թե ինչ արդյունք կտա: Ամեն դեպքում՝ Միացյալ Նահանգները բնավ հաշվի չառավ «անմեղության կանխավարկածի» դրույթը և, առանց անհերքելի ապացույցների, Իրանին մեղավոր հռչակեց: «Չար լեզուներն» էլ ասում են, թե Իրանի մասին ինչ-ինչ տեղեկություններ Իսրայելի ձեռքին կարող էին հայտնվել ոչ առանց Ադրբեջանի մասնակցության: