ԱՄՆ-ը մտադիր չէ տիեզերքում «քարշ գալ» ՌԴ և ՉԺՀ հետևից

ԵԼՔԸ՝ ՍՏԵՂԾԵԼ ԱՌԱՆՁԻՆ ՌԱԶՄԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՈՒԺԵՐ

Հուլիսի 31-ին պարզ է դարձել, որ Միացյալ Նահանգներն շտապում է օր առաջ ռազմատիեզերական ուժեր ձևավորել: Նախատեսվում է դրանով զբաղվել առաջիկա ամիսներին: Այդ մասին  հաղորդել է Defense One պաբերականը՝ վկայակոչելով Պենտագոնի զեկույցի նախագիծը:
 
Ըստ հրապարակված տեղեկության՝ ԱՄՆ ՌՏՈՒ կազմավորելու զեկույցի նախագիծն ընթացիկ շաբաթվա ընթացքում ներկայացվելու է Կոնգրեսի քննարկմանը: Այն ենթադրում է ստեղծել 4 ստորաբաժանում, որոնցից երեքի կազմավորմանը գերատեսչությունը ձեռնամուխ կլինի առաջիկա ամիսներին, քանի որ դրանց համար օրենսդիրների հավանությունը չի պահանջվում: Այդ ստորաբաժանումներն են մարտական նոր հրամանատարությունը, ռազմական նպատակներով կիրառվող հրթիռների արձակման միացյալ գործակալությունը և ՌՏՈՒ-ի մարտական կազմը:
 
Այսպիսով՝ Կոնգրեսի հավանությանն է ներկայացվելու չորրորդ ստորաբաժանումը, որի գործառույթների մեջ են մտնում ապահովումն ու աջակցությունը, օրինակ՝ ֆինանսների կառավարումն ու ռազմական շինությունների կառուցումը:
 
Միացյալ Նահանգների ռազմատիեզերական ուժերի վերջնական ձևավորման օրենսդրական հիմքը նախատեսվում է ապահովել մինչև 2018թ. վերջը: Պենտագոնն օրենքի իր նախագծը Կոնգրեսին կներկայացնի եկող տարվա սկզբին՝ որպես Թրամփի վարչակարգի 2020թ. բյուջեի բաղադրիչ: Այս ամենը թերևս առաջ է մղում ավելի վաղ ԱՄՆ նախագահի դրած խնդիրը՝ ռազմատիեզերական ուժերն առանձնացնել որպես զորքերի հատուկ տեսակ և գերակշռող դիրք գրավել այդ ոլորտում: Սպիտակ տան գլխավորի խոսքերով՝ ԱՄՆ-ը հակված է տիեզերքում առաջատար լինել և մտադիր չէ «քարշ գալ» Ռուսաստանի և Չինաստանի հետևից:  
 
Աշխարհի ուժեղ բանակ ունեցող պետությունների տասնյակը գլխավորում է ԱՄՆ-ը: Նրան հաջորդում է ՌԴ-ն, այնուհետև՝ ՉԺՀ-ն: Մեր մոլորակը վերածելով համատարած զինապահեստի, որտեղ ամեն վայրկյան կարող է ամենակործան պայթյուն որոտալ՝ սպառազինության մրացավազքի նշված և չնշված առաջատարներն այժմ էլ փորձում են մահացու զենքերի հրաձգարան դարձնել տիեզերքը: Որովհետև որքան էլ հավաստիացնեն, թե տիեզերական տարածությունում զենքեր չեն տեղակայելու, դրան հավատացող ունայնամիտներ համարյա չկան: