Վրաստանի 1%-ն ապրում է «երջանիկ անգիտության մեջ»

Խորհրդային Միության փլուզումից հետո Վրաստանը նախընտրեց Արևմուտքը` իր զարգացման ուղին տեսնելով միայն այնտեղից հասնող երևույթների ու ազդակների մեջ: Եվ հենց այս ֆոնին զարմանք են առաջացրել մեր հյուսիսիային հարևան պետությունում վերջերս անցկացված` համացանցին վերաբերող հարցման արդյունքը:

Պարզվել է՝ Վրաստանում կան մարդիկ, ովքեր որբևէ չեն լսել համացանցի մասին: Ճիշտ է, այդպիսիք բնակչության ընդամենը 1% են կազմել, սակայն Վրաստանի բնակչության պաշտոնական թիվը նկատի ունենալով (ըստ «Վիքիպեդիայի»` 3 729 500 )` նրանք տասնյակ հազարներ են:

Հարցումն անցկացրել է ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը` National Democratic Institute for International Affairs-ը (NDI): Սա մի կազմակերպություն է, որը ստեղծել է ԱՄՆ կառավարությունը` զարգացող երկրներում ժողովրդավարությունն առաջ մղելու նպատակով: Ֆինանսավորում են կառավարությունը, զարգացման միջազգային գործակալությունները և մասնավոր հիմնադրամներ: Իսկ նախագահն է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը: Վրաստանի բնակավայրերում հունիսի վերջին-հուլիսի սկզբին տեղի ունեցած և կես ամիս տևած հարցմանը մասնակցել է 2,4 հազար քաղաքացի: 

Այսպես, պարզվել է, որ հարցվածների 54% համացանցից օգտվում է ամեն օր, 10%-ը` առնվազն շաբաթական մեկ անգամ, 1%-ը համացանց է մուտք գործում միայն ամիսը մեկ անգամ: 28%-ը համացանցից ընդհանրապես չի օգտվում, իսկ 1%-ը հայտարարել է, թե ընդհանրապես չգիտի`  համացանցն ինչ է:

Զարգացող երկրներում ժողովրդավարություն տարածելու ամենահարմար, արագ ու անվրեպ միջոցը, ինչ խոսք, համացանցն է: Թերևս այդ պատճառով է Մադլեն Օլբրայթի ղեկավարած կազմակերպությունը ձգտում հստակեցնել այդ տեսանկյունից խոցելի կետերը, որպեսզի վերացնի խոչընդոտները: Ու հիմա երևի երջանիկ անգիտության մեջ ապրող վրաստանցիները «ստիպված» են լինելու ծանոթանալ դարի հրաշքին և զարգանալ:
Մեր դարում իրոք դժվար է կյանքը պատկերացնել առանց համացանցի, սակայն նաև դժվար է չխոստովանել, որ այն մարդկանց աշխարհում անդառնալի բացասական փոփոխություններ է առաջացրել:

Այդուհանդերձ հետաքրիր է` նման հարցում Հայաստանում անցկացվե՞լ է, և եթե անցկացվեր, ի՞նչ պատկեր երևան կհաներ: Բնականաբար, մեր երկրում ևս կլինեն համացանցից լիովին անտեղյակ մարդիկ` պայմանավորված հատկապես տարիքային ու սոցիալական առանձնահատկություններով: