Ընտրովի խոսքի ազատություն

Բնականաբար՝ խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ, իսկ մարդու լեզվի տակ էլ փուշ չկա, որը նրան կարգելեր կեղծիք, զրպարտություն ու հայհոյանք տարածել: Ասել կուզի՝ խոսքը զսպել իրոք արժե: Միայն թե դրա «նժարն» իր ձեռքին պահողը պետք է խոսքի արժեքն իմացող ու գնահատող լինի, այլ ոչ թե տեղեկատվական պատերազմի զինվոր:
 
Իրանի արտգործնախարարի այս գրառումն էլ կարելի է համարել այդ պատերազմի հակահարվածներից մեկը: Այնտեղ ակնհայտ ծաղր կա, իսկ դա նույնպես զենք է, որով կարելի է որոշակի արդյունքի հասնել:
 
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջաֆար Զարիֆը  դարձյալ «Թուիթերում» գրություն է թողել, որով ըստ էության ամերիկացիներին մեղադրում է խոսքի ազատությունը սահմանափակելու համար: Չէ՞ որ այսպես կոչված արևմտյան արժեքների թվում ազատ արտահայտվելու իրավունքը առաջին հորիզոնականներում է: ԻԻՀ ԱԳՆ ղեկավարը մեղադրանքի սլաքն ուղղել է «Թուիթերին»՝ արտասահմանցիների էջերը արգելափակելու համար:
 
Ըստ Զարիֆի՝ ամերիկյան սոցցանցերը շարունակում են արգելափակել այն էջերը, որոնք իբր կապ ունեն Իրանի հետ: Միայն թե նրաք դա անում են միանգամայն ընտրովի: Քաղաքական գործիքը նշել է, որ փակված էջերից շատերը պատկանում են իրական մարդկանց՝ հեռուստատեսությունների ներկայացուցիչների կամ ուսանողների, իսկ այն «բոթերը», որոնք ուղղված են Իրանի վարչակազմի փոփոխությանը, չգիտես ինչու շարունակում են աշխատել, դրանք ոչ մեկը չի արգելափակում: (Բոթ բառի համակարգչային իմաստն է՝  նույն գործողությունն անընդհատ կրկնող ծրագիր, որը հայերենում առաջարկվում է արտահայտել  «թրթուր» բառով: Բայց կարծես թե այնքան էլ չի կիրառվում - Ա. Փ.): 
 
«Վեստի» պարբերականը մեջբերել է Զարիֆի անգլերեն գրառման բնագիրը, ահա այն. 
 
«Hello @Jack. Twitter has shuttered accounts of real Iranians, incl TV presenters & students, for supposedly being part of an 'influence op'. How about looking at actual bots in Tirana used to prop up 'regime change' propaganda spewed out of DC?»
 
Պարբերականը հիշեցնում է, որ սոցցանցերում ոչ ձեռնտու օգտատերերի մաքրումը տեղի է ունեցել զանգվածաբար: Այսպես, «Թուիթերը» հեռացրել է 280 գրառում, «Դիմագիրքը»՝ համարյա 700: «Գործին» անմասն չի մնացել նաև Գուգլը՝  այնտեղ էլ 50-ի չափ էջ է արգելափակվել՝ այդ թվում նրանք, որոնք առնչվում են Իրանի հեռուստառադիոընկերություններին:
 
«Դիմագրքի» հայ օգտատերերը նույնպես հաճախ նկատում են, որ իրենց որոշ ընկերների էջերն արգելափակվել են: Ընդ որում, հաճախ դրանք լինում են հայության ճակատագրով մտահոգ ու նրա մասին ճշմարտությունը վեր հանելու գործունեությամբ զբաղվող անհատների էջեր: