Առանց ԵՄ-ի հետ գործարքի՝ Brexit-ը մեծապես կվնասի Բրիտանիայի տնտեսությունը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) սեպտեմբերի 17-ին հրապարակել է իր զեկույցը, որտեղ խոսվում է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշ հետևանքների մասին: Նշվում է, որ եթե Brexit-ը տեղի ունենա առանց Եվրամիության հետ գործարքի, Բրիտանիայի տնտեսության համար ծանր հետևանքներ կունենա և մեծ կորուստներ կպատճառի:
 
Զեկույցը Լոնդոնում ներկայացրել են Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը և ԱՄՀ տնօրեն-կարգադրիչ Քրիստին Լագարդը:
 
ԱՄՀ-ն նախազգուշացրել է, որ Լոնդոնը պարտավոր է Բրյուսելի հետ կարգավորել մի շարք «արմատական հարցեր», այդ թվում՝ Իռլանդիա կղզում սահմանի գործունեության մասին, առանց որի  կանոնավոր Brexit չի լինի:
 
- Այդ հարցերի լուծումը ծայր աստիճանի կարևոր է, որպեսզի խուսափենք Brexit-ի այնպիսի սցենարից, որը ենթադրում է այն իրականացնել առանց գործարքի, Առևտրի համաշխարհային բանկի կանոններով: Իսկ դա Բրիտանիայի տնտեսության համար նշանակալի  ծախսերի պատճառ կդառնա, ինչպես նաև (բացասաբար) կներգործի, սակայն նվազ չափով, ԵՄ երկրների տնտեսության վրա,- ասված է զեկույցում: 
 
Լագարդը նշել է, որ նոր հարաբերությունների շրջանակում առևտուր վարելու կարգում ինչքան շատ խոչընդոտներ լինեն, այնքան դա ծախսատար կլինի: Իսկ եթե տեղի ունենա «փափուկ Brexit»՝ ԱՄՀ-ի հետ առևտրի համաձայնագիր կնքելով, կանխատեսվում է 2018-2019թթ. Բրիտանիայի տնտեսության չափավար աճ՝ 1,5% մակարդակում:
 
Զեկույցի մասին խոսելով՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր ֆինանսիստը նշել է, որ իր երկրի կառավարությունը «չպետք է վտանգի տակ դնի» բրիտանական ժողովրդի բարգավաճումը: 
 
- Մենք պետք է ամրապնդենք ձեռք բերված տնտեսական առաջընթացը: Հեռանալով ԵՄ-ից ՝մենք պետք է մեր եվրոպացի հարևանների հետ ապահովենք հետագա սերտ և ամուր գործընկերություն: Մենք պետք է անսանք ԱՄՀ-ի ակնհայտ նախազգուշացումներին,- ասել է Համոնդը:
 
Երևում է՝ իրոք, Մեծ Բրիտանիան բռնել է մի ճանապարհ, որը «փշով ու տատասկով» է ծածկված: Brexi կոչվածը եղել է ընտրության իրավունք ունեցող բրիտանացիների մեծամասնության կամքի արտահայտությունը: Միայն թե ո՞վ կարող է ապացուցել, թե մեծամասնությունն ավելի ճիշտ ու հիմնավորված որոշումներ է կայացնում, քան փոքրամասնությունը: Անվերապահ ժողովրդավարություն քարոզողները, ավելին՝ պարտադրողները, երևի պետք է այս ուղղությամբ մի փոքր խորհեն: