Աշնանը ճամփորդող ռուսաստանցիները Երևանն էլ են նախընտում

Թավշյա եղանակին ճամփորդելու համար Ռուսաստանի այն բնակիչները, ովքեր հնարավորինս էժան հանգիստ են նախատեսում, ընտրում են ԱՊՀ տարածքի քաղաքները: Ինչպես ցույց են տալիս համապատասխան փորձագիտական ուսումնասիրությունները, դրանք հիմնականում ԱՊՀ երկրների մայրաքաղաքներն են, այդ թվում՝ Երևանը:
 
Աշնանային ճամփորդության համար ԱՊՀ ամենաէժան քաղաքների առաջին եռյակը, պարզվում է, կազմում են Մինսկը, Աստանան, Բաքուն: Վարկանշային տասնյակում հաջորդը Երևանն է: «ТурСтат» վերլուծական կենտրոնի նշած մյուս քաղաքներն են Տաշքենդը, Ալմաթին, Բիշկեկը, Քիշնևը, Դուշանբեն և Աշխաբադը: 
 
Պարզվել է՝ ճամփորդելու սիրահար ռուսաստանցիներն այդ քաղաքներն են մեկնում միջինը երեք օրով և այնտեղ սննդի ու կացարանի համար ծախսում օրական 30-80 դոլար: Նշվում է, որ ամենամեծ բյուջե ունեցող զբոսաշրջային երթուղիները Ղրղզստանն ու Ուզբեկստանն են, իսկ  հանգստյան օրերին ուղևորությունների և գնումների համար ռուսաստանցիները թռչում են Աստանա և Բաքու:
 
21-րդ դարի աշխարհում շատ պետություններ կարողանում են իրենց բյուջեն լցնել նաև զբոսաշրջիկներ գրավելով և այդ նպատակի համար չեն խորշում անգամ կեղծիքի դիմել: Ոչ մի կասկած, որ մեր հարևան Ադրբեջանում զբոսաշրջիկներին լիուլի կերակրում են ստով, կեղծիքով ու իրենց «ազգի» հնության, մշակութաստեղծ լինելու և հզորության մասին սեփական սին երազանքը որպես իրականություն ներկայացնելով: 
 
Այստեղ նշված վարկանիշում, ճիշտ է, Երևանն էլ տեղ ունի, բայց ոչ համարժեք այն ներուժին, որը Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններն են ընձեռում: