Պուտինը հիշել է Թուրիքիայի ԶՈՒ խփած ռուսական ինքնաթիռը

Սեպտեմբերի 18-ի լրահոսը հագեցած էր ռուսական ԻԼ-20 ինքնաթիռի հետ կապված միջադեպի մասին տեղեկություններով: ՌԴ պաշտպանության նախարարությունը նախ հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Հմեյմիմ ավիաբազա վերադառնալիս Սիրիայի ափից 35 կմ հեռավորությամբ ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ կապը խզվել է:
 
Հայտնել են, որ Իլ-20-ը ռադարներից անհետացել է Լաթաքիայի շրջանում իսրայելական F-16 չորս ինքնաթիռների գրոհի ժամանակ:
 
Այն հանգամանքը, որ այդ ինքնաթիռը կործանվել է սիրիական C-200 բանակի հակաօդային պաշտպանության համալիրի հրթիռի համազարկից, երկու պետությունների միջև բախման առիթ չի դարձել, քանի որ ռուսական կողմը համոզված է՝ դա տեղի է ունեցել Իսրայելի «անպատասխանատու գործողությունների» հետևանքով: Այդ մասին ևս խոսվել է ՌԴ պաշտպանության նախարարությունում: 15 ռուս զինծառայողի կյանք խլած միջադեպը ՌԴ ՊՆ-ում համարել են «թշնամական» արարք:
 
Հաղորդվում է, որ իսրայելական ինքնաթիռները դիտավորյալ վտանգավոր իրավիճակ են ստեղծել Լաթաքիայի շրջանում, իսկ նախատեսվող գործողության մասին Իսրայելը ՌԴ-ին թեժ գծով տեղեկացրել է միայն հարվածից մեկ րոպե առաջ: Իսկ այդքան ժամանակում ինքնաթիռը վտանգավոր գոտուց հեռացնել հնարավոր չէր: Ռուսական կողմի մեկնաբանությամբ՝ իրենց  ինքնաթիռը կործանվել է, քանի որ իսրայելցի օդաչուները այն մղել են Սիրիայի հակաօդային պաշտպանության հարվածի տակ:
 
Կատարվածի համար իսրայելական կողմը տարբեր մակարդակներով ցավ է հայտնել և զոհվածների համար ցավակցել, Մոսկվայի և Թել-Ավիվի միջև հեռախոսազրույցներ են եղել, սակայն Իսրայելը մեղքն ընդունելու մտադրություն չունի: ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը նույնիսկ ասել է՝ ձեր արյունը մեր արյունն է: Իսկ Մոսկվայում արտգործնախարարություն է հրավիրվել Իսրայելի դեսպանը:
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նշել է, թե տվյալ ողբերգությունը չի կարելի համեմատել այն միջադեպի հետ, որի պարագայում Սիրիայի երկնքում գտնվող ռուսական ինքնաթիռը խփեց թուրքական կործանիչը:
 
- Սա ավելի շուտ նման է ողբերգական պատահականությունների շղթայի, որովհետև իսրայելական ինքնաթիռը մերին չի խփել,- պարզաբանել է Պուտինը:
 
Նշված միջադեպը Թուրքիային ներելուց ու նրա հետ սիրախաղ սկսելուց հետո Ռուսաստանը, հավանական է, Իսրայելի «քեֆին» նույնպես չի դիպչի: Իսկ թե ինչ կկատարվի Սիրիայի հետ, որին արդեն ավելի առարկայական սպառնում են սահմանակից ու հեռավոր մի քանի պետություններ, դժվար է ասել: Ասադը ռուսների հետ մեծ հույսեր է կապում, որոնք գուցեև զոհաբերվեն Ռուսաստանի այսրոպեական շահերին: Մենք որ դրա փորձն ունենք: