Հակառակորդին առաջ մղելու ամենալավ միջոցը նրան անընդհատ «պատժելն» է

Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց ի վեր Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծես պատժամիջոցները դարձրել է հակառակորդների հետ պայքարի գլխավոր միջոցը: Թիրախում այժմ հատկապես Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանն են:

Միայն թե դեռ հարց է, թե այդ երկրները տնտեսապես թուլացնելու և այդպիսով արագորեն ծնկի բերելու Թրամփի նպատակը որքանով է իրագործելի: Գոնե Ռուսաստանի պարագայում, ամերիկյան պատժամիջոցների անսպասելի ներգործությունն են բացահայտել Bloomberg-ի փորձագետները:
Պարբերականի վերլուծաբանները, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդել են.

- Մտցնելով նոր սահմանափակումներ` Թրամփի վարչակազմը, ըստ էության, Ռուսաստանին օգնել է իրականացնել իր վաղեմի նպատակը` խոշոր գործարարությանը արտասահմանյան օֆշորներից հետ վարժեցնել և նրանց ընտելացնել դրամական մուտքերը պահել ռուսական բանկերում:

Նշվում է, որ ռուս ձեռնարկատերն իրենց միջոցներն Արևմուտքից աշխուժորեն դուրս են բերում և հայրենիք են վերադարձնում` զգուշանալով ամերիկյան իշխանությունների անհամարժեք արձագանքից:

Դեռ ավելին, Bloomberg-ի տվյալներով`  պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ ռուսական ընկերություններն աստիճանաբար սկսում են հրաժարվել դոլարային հաշվարկներից և արտասահմանյան գործընկերների հետ գործարքների դեպքում ուշադրությունն ուղղում են այլ արժույթների վրա: Դրան զուգընթաց` իրենց դրամական միջոցների ավելի մեծ մասը կուտակում են ռուսական ռուբլով:

- Նոր պատժամիջոցներ սահմանելով` ԱՄՆ-ը, ըստ էության, հակառակ արդյունքի է հասել` «խաղալով  մի խաղ, որը Մոսկվային է ձեռնտու»,- ընդգծում է պարբերականը: