Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը Նյու Յորք է հասել, որպեսզի Թրամփի մասին իր կարծիքը «Թուիթերով» հայտնի

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, որ Նյու Յորք է ժամանել ՄԱԿ-ի վեհաժողովի առթիվ, տանտերերի  նախագահի մասին իր կարծիքը արտահայտել է թուիթերյան գրառումով: Ըստ Մաասի՝  նախագահ Դոնալդ Թրամփի ձևակերպած «Ամերիկան բոլորից վեր է» սկզբունքը համաշխարհային խնդիրների լուծմանը չի նպաստում: Գերմանիայի արտգործնախարարի կարծիքով՝ համաշխարհային մարտահրավերները կարելի է վերացնել միայն միջազգային համահործակցությամբ:
 
- «Ամերիկան բոլորից վեր է»՝ սա սխալ պատասխան է մեր ժամանակների խնդիրների համար, այդ թվում՝ նաև Ամերիկայի: Համաշխարհայնացումը, թվային հիմնախնդիրները, եղանակային պայմանների փոփոխությունները սահմաններ չեն հարցնում: Այդ մարտահրավերները մենք կարող ենք վերացնել լոկ միջազգային համագործակցության պարագայում,- գրել է Մաասը: 
 
Թրամփի նախագահ դառնալուց հետո Բեռլինի ու Վաշինգտոնի հարաբերությունները վատթարացել են: Չնայած դրան՝ գերմանական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ Եվրոպական Միության կարևոր գործընկերը: ԳԴՀ-ն  քննադատությամբ է ընդունել ամերիկյան առաջնորդի մի քանի գործերը, մասնավորապես եղանակային պայմանների վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից դուրս գալու նրա որոշումը, ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելը, Իրանի հետ միջուկային գործարքից հրաժարվելը, բարձր մաքսատուրքեր սահմանելը, որը ստացավ «առևտրային պատերազմ» անունը: 
 
Բեռլինն ու Վաշինգտոնը տարաձայնություններ ունեն նաև երկկողմ հարաբերություններում: Նախ, Թրամփը մշտապես քննադատում է գերմանացի գործարարներին, քանի որ նրանք մասնակցում են «Հյուսիսասյին հոսք-2»- նախագծին՝ այդպիսով գազատարների միջոցով կապ հաստատելով ԳԴՀ-ի և ՌԴ-ի հետ: Այնուհետև Միացյալ Նահանգները Գերմանիայից պահանջում է պաշտպանության ծախսերը հասցնել մինչև 2%-ի՝ հղում անելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Բեռլինում էլ ասում են, թե ծախսերի նման բարձացումը անիրագործելի է և  աննպատակահարմար: 
 
Դեռևս անհասկանալի է, թե որն է Թրամփի նպատակը, որ Եվրոպայի հզորագույն երկրներից մեկի հետ հարաբերությունները վատացնում է: Իսկ ահա արդյունքը կարծես սկսել է նշմարվել: Այժմ կարծես եվրոպական երկրներն սկսել են Միացյալ Նահանգներից տարբերվող կարծիքներ պնդել և առավել ինքնուրույն են գործում: Իսկ թե այդ ամենը որքանով կնպաստի ամբողջ աշխարհի կայունությանն ու անվտանգությանը կամ ինչ չափով դրանք կխաթարի՝ ցույց կտա ժամանակը: